Լրահոս

29.10.2009 15:13


Համլետ Հարությունյան. «Եթե Ղարաբաղի հարցում նախապայման լիներ, մեր երկրի ղեկավարությունն ուղղակի չէր շարունակի այս գործընթացը»

Համլետ Հարությունյան. «Եթե Ղարաբաղի հարցում նախապայման լիներ, մեր երկրի ղեկավարությունն ուղղակի չէր շարունակի այս գործընթացը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի հարցն ընդհանրապես չի շոշափվում։ 

-Իհա՛րկե, Թուրքիան չի կարող հայ-թուրքական ցանկացած հարաբերության մեջ Ղարաբաղի հարցը չշոշափել, բայց կոնկրետ համաձայնագրերում այդպիսի բան չկա և չի էլ կարող ներառվել, քանի որ մեր երկրի նախագահը հայտարարել է, որ այդպիսի բան լինել չի կարող,-ասել է նա։

Իսկ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ հակադրվել է ու նշել, թե Թուրքիայի բարձրաստիճան այրերի հայտարարությունները վկայում են, որ Ղարաբաղի հարցը նախապայման է։

-Բառացի չի գրվել, չի ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ անմիջապես արձանագրությունների հրապարակումից հետո Թուրքիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով կապեցին այդ հարցի հետ և բազմիցս կրկնել են, որ եթե Ղարաբաղի հարցում առաջընթաց չլինի, ապա սահմանը չեն բացի,-ասել է նա։

Համլետ Հարությունյանը հորդորել է մի քիչ  հավատ ունենալ երկրի ղեկավարության նկատմամբ, իսկ Գրիգոր Հարությունյանն էլ պատասխանել է, թե աչքը տեսածից է վախենում։

-Եթե Ղարաբաղի հարցում նախապայման լիներ,  մեր երկրի ղեկավաորւթյունն ուղղակի չէր շարունակի այս գործընթացը։ Չգիտեմ, էդ տողատակերը Եգիպտական մումիանե՞ր են, որ  պեղում ու գտնում են, թե նախապայման կա։ Կոնկրետ տեքստում նախապայման չկա,-ասել է ՀՀԿ պատգամավորը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը