Լրահոս

30.10.2009 14:35


«Սարդարապատ» շարժման արձագանքը ԼՂՀ պատգամավորի հայտարարությանը

Արտաքուստ թվացող սովորական, շարքային մի իրադարձություն տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 28-ին: ԼՂՀ Ազգային ժողովի նիստից հետո «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, առաջարկելով ԼՂՀ իրավապահ մարմիններին այսուհետ քրեական հետապնդում սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հիմնավորելով, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, հետևաբար զիջումներից խոսելը հակասահմանադրական քայլ է:

Անկախ նրանից, թե այս հայտարարությունը երբ կդառնա ԼՂՀ ԱԺ-ում քննարկման նյութ և կստանա օրենքի ուժ, մի բան փաստ է, որ Արմեն Սարգսյանի շուրթերով տրվեց  շատ հստակ պատասխան Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:

Արմեն Սարգսյանի կատարած հայտարարությամբ արտահայտվեց Արցախի ժողովրդի վճռական կեցվածքն ու դիրքորոշումը, ուղղված այն անձանց ու երկրներին, որոնք փորձում են սակարկության դնել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան:

Այս հայտարարությունով Սերժ Սարգսյանին ասվեց, թե որքան էլ նա դրսում խոսի, որ պատրաստ է ազատագրված յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին, ԼՂԻՄ-ի ինչ-որ կարգավիճակի և թղթի վրա ամրագրված, Արցախում բնակվող հայության ֆիզիկական անվտանգության ինչ-ինչ երաշխիքների դիմաց, Արցախի ազատության համար զոհված նահատակները, Արցախում  բնակվող հայերը և իրենց զավակները դեմ են հայրենի հողի որևէ կորստի:

Արտերկիր իր հերթական այցելությունից առաջ Սերժ Սարգսյանը փորձեց փարատել համանախագահող երկրների ղեկավարների կասկածներն առ այն, որ Արցախում բնակվող հայերը  անհրաժեշտ պահին ընդդիմանալու են և վիժեցնելու են օտարների կողմից քայլ առ քայլ իրականացվող ոչ հայանպաստ ծրագիրը: Արցախում ղեկավարելով ինչ-որ զորավարժություն, հրավիրելով ինչ-որ խորհրդակցություն, նա արտաքին աշխարհին փորձեց ցույց տալ, որ այդտեղ ինքն է միակամ որոշումներ կայացնում, և որ Արցախի քաղաքական և ռազմական  ղեկավարությունը կատարելու է միմիայն իր հրամանները:  Սին հույսեր: Շուկայական տրամաբանություն և շուկայական հաշվարկ:

Ժողովուրդը հայրենիքը կորցնելու վտանգը զգում է ավելի շուտ, քան  նրանք, ովքեր բռնազավթել են իշխանությունը սեփական ժողովրդից և կուրացել թալանած հարստության փայլից:

Այսօր արդեն իսկ Սերժ Սարգսյանը և Արցախում բնակվող նրա մանկլավիկները փորձելու են կյանքի կոչել ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացի քարոզչական մասը: Տարբեր տրամաչափի այսպես կոչված քաղաքական, մտավորական և շարքային խավերից, անձինք, որոնք իրենց կատարած մեծ ու փոքր հանցանքների, թալանով կուտակած հարստության պատճառով  ծնկած են Հայաստանի իշխող ռեժիմի առաջ, փորձելու են Արցախում բնակվող մեր հայրենակիցներին համոզել, որ փոխզիջումը այլընտրանք չունի, և որ վաղ թե ուշ այդ տարածքները պետք է վերադարձվեն թշնամուն:

Զգոնության և զգաստության կոչով դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին: Ձեզ փորձելու են մոլորեցնել, վախեցնել պատերազմի վերսկսումով, հրապարակավ այդ քարոզչությանը ընդդիմացողներին սպառնալ տարաբնույթ ձևերով: Որպեսզի ռեժիմի սկսած քարոզչական գործընթացը չհասնի այդ հանգրվանին, շատ է կարևորվում Արմեն Սարգսյանի կատարած քայլը  և անհրաժեշտ է  դավաճանական քայլերը վիժեցնելու համար նախահարձակ լինել և քարոզչական դաշտում "օձին խեղդել բնում":

Եվ այդժամ ղողանջելու են զանգերը:

Այդպես եղավ 1988-ին, այդպես կլինի նաև հիմա:

Որևէ անձ, որևէ ուժ ունակ չէ հաղթել մի ժողովրդի, եթե վերջինս չի ցանկանում պարտվել:

Արցախյան Ազատամարտի տարիներին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է պատերազմելու և հաղթելու  թվապես գերակշռող թշնամուն: Այդ պատերազմում հաղթած հայորդիները և արդեն հասու նրանց զավակներն այսօր վճռական են առավել քան երբևէ պաշտպանելու Հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը և ներքին և արտաքին թշնամուց:

Սարդարապատի հաղթական ոգին է թևածում հայոց Երկնակամարում:

Տեր լինենք  Ղևոնդ Ալիշանի իմաստուն պատվիրանին. «Թաղեցեալք լինիմք և ոչ խոնարհիմք»

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը