Աշխարհ

09.06.2015 14:02


ԱՄՆ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չփակել ԵԱՀԿ գրասենյակը

ԱՄՆ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չփակել ԵԱՀԿ գրասենյակը

Վաշինգտոնը հիասթափված է Բաքվում գտնվող ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի ծրագրից՝ միաժամանակ վստահ լինելով, որ այդ որոշումը պետք է ընդունվի կոլեգիալ՝ կազմակերպության 57 անդամ բոլոր պետությունների կողմից։ Ինչպես նշում է «Кавказский узел»–ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկ ամիս ժամանակ էր տվել ԵԱՀԿ–ին Բաքվում գտնվող գրասենյակի գործունեությունը դադարեցնելու համար։ Ադրբեջանի իշխանությունները նման քայլի պատճառը չէին ներկայացրել։

«Այդ որոշումը խոր հիաթափություն է առաջացնում։ Միաժամանակ, կարևոր է հիշել, որ նախագծերի համակարգող գրասենյակը գործում է քաղաքական մանդատի հիման վրա՝ համաձայնեցված ԵԱՀԿ 57 անդամ բոլոր պետությունների կողմից։ Այդ պատճառով ընդունված որոշումը, ինչպես և անդամ պետությունների կոնսենսուսով ընդունված ցանկացած այլ որոշում, կարող է չեղարկվել միմիայն կոնսենսուսի հիման վրա»,–ասել է Բայերը։

Նա նաև հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ կառավարական կազմակերպությունների և միջազգային գործընկերների քննադատությունները պետք է ընդունեն ոչ թե որպես սպառնալիք, այլ խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։

«Գրասենյակը պետք է շարունակի գործել, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերանայել իր մտադրությունը»,–հավելել է Բայերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը