Քաղաքական

10.06.2015 16:04


2014թ. բյուջեի կատարողականին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկեն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը՝ դեմ

2014թ. բյուջեի կատարողականին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկեն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը՝ դեմ

ԱԺ այսօրվա քառօրյայում 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քվեարկության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգությունից»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ իրենց խմբակցությունում երկար են քննարկել «դեմ», թե «ձեռնպահ» քվեարկելու հարցը։ Ի վերջո, որոշել են մնալ «ձեռնպահ»։

–Այս բյուջեում մենք չենք տեսել բիոզուգարաններ, միլիոնների հատկացումներ գյուղատնտեսական խորհրդատվությունների համար և այլն։ Ճիշտ է, ՀՀ քաղաքացու կյանքում փոփոխություններ չեն եղել, բայց բյուջեի կատարողականին դեմ լինելն էլ, եթե կրիմինալ չունես ձեռքի տակ, պարզ չի լինի,-նշել է Ս. Մարգարյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ սիզիփոսյան աշխատանք չեն տարել՝ հասկանալու, թե բյուջեն ինչպես է ծախսվել, որովհետև «մի կես տոկոս էս կողմ, էն կողմ» թվերի վերլուծությունն իրականությունը չի բացահայտի։

ՀԱԿ–ը դեմ է քվեարկելու 2014թ. բյուջեի կատարողականին։

Դեմ է նաև ՀՅԴ–ն։ Այդ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ ընդդիմության վատատեսական կանխատեսումներն իրականություն են դարձել։

–Տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի փուլում,-պնդել է Ա. Մինասյանը։

ՕԵԿ խմբակցությունը 2014թ. բյուջեի կատարողականին ձեռնպահ է քվեարկելու։ Ինչպես նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, իրենց ձեռնպահը չի նշանակում, որ զերծ են մնալու քննադատությունից:

Խորհրդարանում ներկայացված խմբակցություններից 2014թ. բյուջեի կատարողականին կողմ է քվեարկելու ՀՀԿ–ն։

–Հորդորում եմ մեր գործընկերներին գնահատել լավը,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը