Մեկնաբանություն

16.06.2015 00:20


Ագահությունը և պետության վախճանը

Ագահությունը և պետության վախճանը

Շատակերությունը վնասում է մարդու օրգանիզմին և պատճառ դառնում չվերականգնվող կորուստների։

Պետությունն էլ օրգանիզմ է։ Եթե այդ օրգանիզմում իշխանության գործառույթ կատարող հատվածը տառապում է շատակերությամբ և ագահությամբ, ապա դա կարող է բերել պետության վախճանի։

Ըստ այդմ՝ Հայաստանի համար թիվ մեկ վտանգը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված Թուրքիան ու Ադրբեջանը չեն, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ, մականունավորները չեն (նորմալ, այսինքն՝ հանրային վստահություն ունեցող իշխանությունը սրանց հինգ րոպեում տեղը կդնի), կիսափակ սահմանները չեն։ Ամենավտանգավորը Բաղրամյան 26–ի վարած ներքին ու արտաքին քաղաքականություն է։

«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իշխանական ծրագրերի մասին բազմիցս ենք խոսել։ Ու չենք դադարելու խոսել, քանզի գտնում ենք, որ «հակաօլիգարխիկ» պայքարի անվան տակ պարզապես տնտեսական կյանքի գերմենաշնորհացում է տեղի ունենում, կամ ավելի պարզ ասած՝ տոտալ թալան։ Ընդ որում՝ թալանն այդ կազմակերպված և հետևողական բնույթ է կրում։

Փարիսեցիությունն ու դեմագոգիան հասել են այնտեղ, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան խոսում է օլիգարխների, օլիգոպոլիաների և լիսկաների դեմ պայքարի մասին՝ չնկատելու տալով այն, որ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն օր օրի մխրճվում են բիզնեսի բոլոր ոլորտներ։

ՀՀԿ ղեկավարի մանկության ընկերներն ասֆալտի վրա կամիր ներկ են լցնում ու փող հավաքում։ Նրա շրջապատի մյուս մարդիկ արագաչափերով ու տեսախցիկներով են համալրում «օբշակի» բյուջեն։

Նախագահական նստավայրի բոլոր հնարավոր ձեռքերն ու ոտքերը հասել են բանկային ոլորտին, Որոտանի համալիրին, հյուրանոցային բիզնեսին, սրճարանա–ռեստորանային համակարգին, ՀԷԿ–երին, էներգետիկ համակարգի մյուս հատվածներին, վառելիքի ոլորտին Ռոսնեֆտ–Արմենիան» ոտքով ու գլխով նետվել է բենզինի ու դիզվառելիքի շուկա և ուզում է ամեն ինչ միանգամից. «Ֆլեշն» իրենց քիչ է թվում), ծխախոտի ոլորտին («պլանի» տակ է հայտնվել ինչպես տեղական արտադրությունը, այնպես էլ ներմուծումն՝ ի դեմս «Ֆիլիպ Մորիսի»), հրուշակեղենին, մեծ ու փոքր անիվներին, հեռուստատեսային ոլորտին, տպագիր ու համացանցային մամուլին, գովազդային շուկային, ռադիոյին, տարատեսակ խանութներին ու մոլերին...

Շուտով կհասնեն նաև «բուդկաներին» ու կոշկակարանոցներին։

Իսկ ամենամեծ պատառը, որ ագահաբար ծամվում է իշխանության վերին օղակում, պետական բյուջեն է։ «Ատկատներն» ու կեղծ «տենդերները» ախորժակը բավարարելու հսկայական աղբյուր են։

Դատելով ամենից՝ ագահությունը չափ ու սահման չունի։ Այդ ագահությունն է, կրկնեմ, մեր պետության թիվ մեկ թշնամին ու թիվ մեկ չարիքը։

Քաղաքական ու տնտեսական կյանքի ապամենաշնորհացումը, հետևաբար, քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի հայաստանակենտրոն բոլոր սուբյեկտների համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը