Լրահոս

09.11.2009 12:46


Կարինե Նալչաջյան. «Մարդկանց մոտ սկսում է գործել ադապտացիայի էֆեկտը, և ազգի կամ մարդու համար կենսական նշանակության սուր հարցերը դառնում են սովորական առօրյայի մաս»

Կարինե Նալչաջյան. «Մարդկանց մոտ սկսում է գործել ադապտացիայի էֆեկտը, և ազգի կամ մարդու համար կենսական նշանակության սուր հարցերը դառնում են սովորական առօրյայի մաս»

-Լիարժեք հաղթահարման մասին չի կարելի խոսել, բայց որ հիմնականում այն սուր վիճակն անցել է, դա փաստ է։ Մարդիկ նորից, կարծեք թե, վերադարձել են իրենց առօրյային և առանձնապես քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, բայց որ ասել՝ լրիվ անցել է, այդպես չէ,- «7օր»-ի հետ զրույցում խոսելով մարտի 1-ից հետո հասարակության բևեռացվածության մասին՝ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Նա նշել է, որ այսօր հոգեբանական ավելի ծանր վիճակում են գտնվում այն մարդիկ, որոնք շատ ոգևորված էին և հրապարակներից տուն չէին գալիս։

-Նրանց մոտ մնացել է կիսատության էֆեկտը՝ երբ նպատակդ տրամաբանական ավարտին չես հասցնում նաև այլ հանգամանքների բերումով։ Ահա այդ կիսատությունն է երկար ժամանակ լարված վիճակի մեջ պահում մարդուն,-ասել է նա։

Ըստ հոգեբանի՝ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ սկսում է գործել ադապտացիայի էֆեկտը, և ազգի կամ մարդու համար կենսական նշանակության սուր հարցերը դառնում են սովորական առօրյայի մաս։ Նույն տրամաբանությունն է գործում նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի ժամանակ։

-Սկզբում, երբ նոր մատուցվեցին այդ արձանագրությունները, մարդիկ ներգրավվեցին, սկսեցին ակտիվ քննարկել, անհանգստություն հայտնել, բայց վերջին մի քանի շաբաթներին կարծեք թե նման բաներ չեն լինում։ Այսինքն, սուր հետաքրքրվածություն չկա,  քանի որ արագ գործողություններ չկան, վավերացման գործընթացն էլ Թուրքիայում դանդաղեց, և մարդիկ սկսեցին հարմարվել։ Դա դարձավ սովորական առօրյայի մի մասը, և այդ առումով պայթյունավտանգ իրավիճակ չկա,-ասել է Կարինե Նալչաջյանը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը