Մեկնաբանություն

24.06.2015 03:20


«Ֆանտոմասն» ու նարնջագույն «բոբոն»՝ չհաշված դհոլները (տեսանյութ)

«Ֆանտոմասն» ու նարնջագույն «բոբոն»՝ չհաշված դհոլները (տեսանյութ)

Իշխանությունները «կրեաԾիվության» մասով չափն անցան։ Հերիք չէ՝ իրենց ձեռքի տակի պատգամավոր–դհոլներին ուղարկել են ոստիկանության ու ցուցարարների միջև այլոց հետ միասին կենդանի պատ կազմելու (ձեռքի հետ՝ փիառվելու), դեռ մի բան էլ պատ են կանգնեցրել Արմեն Աշոտյանին (երեկ սրանք չկային, քանի որ իշխանությունները որոշել էին ուժ կիրառել, հետևաբար շոուն քաղաքական սադրիչների համար անվտանգ չէր լինի, իսկ հիմա նման խնդիր չկա, ու քաղաքական շոումենները տեղում են)։ Դա ակնհայտ սադրանք էր Բաղրամյան 26–ի կողմից (մնում է՝ Սերժ Սարգսյանն էլ գա ու միանա Աշոտյանին և պաշտպանի ցուցարարներին չար ոստիկանությունից)։

Բողոքավոր զանգվածի պատասխանը բնական էր ու տեղին. «Աշոտյա՛ն, սիկտի՛ր» (տե՛ս կից տեսանյութը)։ Եթե իշխանությունները շարունակեն «կրեաԾիվությունը», ապա կգա նաև մյուս աշոտյաններին «սիկտիր անելու» ժամանակը։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր աշխատանքային ժամերին դհոլի դեր են կատարում, իսկ երեկոյան ժամերին պատ են կազմում, ապա տեսարանը բավական զվարճալի է։ Մի պահ նույնիսկ անհարմար բան ստացվեց. «թունդ ընդդիմադիրներն» ու ոստիկանությունը համատեղ պատ կազմած՝ պաշտպանում էին Աշոտյանին ցուցարարներից։ Ինչևէ։

Դատելով ամենից՝ նախագահական նստավայրում որոշել են դհոլների օգնությամբ փչացնել բողոքի գործողությունը և կասկածի ցեց գցել հանրության ներսում։ Սակայն պետք չէ տրվել սադրանքների։ Տարատեսակ հաճախորդները եկել են, շատ լավ։ Կնպաստեն այն բանին, որ բողոքի գործողություններն ուղղվեն բացառապես Սերժ Սարգսյանի դեմ, խնդիր չկա։ «Դիշովի» բաներ կանեն, կարժանանան «սիկտիրի»։ Բանաձևը շատ հստակ է։

Ի դեպ, բացի ներքին «մուտիլովկայական» քայլերից՝ իշխանությունները նաև արտաքին դաշտում են «մուտիլովկաներ» տարածում։ Ռուսական լրատվական դաշտի հետ «աշխատել» են ու տարածում են, թե, իբր, Հայաստանում արևմտյան փողերով ընդդիմությունն ուզում է գունավոր հեղափոխություն անել։

Սերժ Սարգսյանը, այդպիսով, հին նաղլն է անում։ Ուզում է Կրեմլին ցույց տալ, թե տեսեք՝ ես եմ միակ ռուսամետ մարդը Հայաստանում. եթե ես չլինեմ, ապա կգան բոբո արևմտամետները, և վերջ։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը փորձում է դրսում ցույց տալ, որ Հայաստանում փոթորիկ է, և եթե իրեն փող չտան ու նաև չհամակերպվեն այն բանի հետ, որ ինքն ու իր շրջապատն ուզում են էներգետիկ ոլորտը վերասեփականաշնորհել, ապա Հայաստանում փիս–փիս բաներ կլինեն, քանզի բողոքի գործողություններն ուղղված են ՌԴ դեմ։ Ահա այսպիսի «մուտիտներ»։

Թե ինչքանով արդյունավետ կլինի ՀՀ իշխանությունների արտաքին «բլեֆը», շատ հեշտ է կանխատեսել։ Ոչ մի արդյունք էլ չի տա, և իզուր էլ ՀՀ հարկատուներիս փողը ծախսում են ու ռուսական մամուլին ֆինանսավորում՝ ախմախություններ տարածելու համար։ Կրեմլից Պուտինի մամլո խոսնակի միջոցով հասկացրեցին, որ նմանատիպ մանկապատանեկան խաղերն իրենց մոտ միայն քմծիծաղ են առաջացնում։

Հաշվի առնելով վերը նշված ու մի շարք այլ հանգամաներ՝ պետք է արձանագրել, որ իշխանությունները կազմակերպված քայլերի են դիմում՝ սկսած ոստիկանական ուժի կիրառումից մինչև տարատեսակ սադրանքների գնալը, ինչպես նաև արտաքին քարոզչական գործունեության իրականացումը։ Իսկ դա նշանակում է, որ պայքարի ելածները պետք է ևս կազմակերպչական տեսք տան բողոքի գործողությանն ու անցնեն հստակ քաղաքական պահանջների՝ տևական պայքարի պատրաստվելով։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը