Քաղաքական

27.06.2015 12:23


Ըստ Վլ. Գասպարյանի՝ «կենդանի պատը» տեղ–տեղ դեկորացիայի համար է (տեսանյութ)

Ըստ Վլ. Գասպարյանի՝ «կենդանի պատը» տեղ–տեղ դեկորացիայի համար է (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, այս օրերին զանազան քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ Բաղրամյան պողոտայում «կենդանի պատ» են կազմում ցուցարարների և ոստիկանների միջև։ Նախօրեին երեկոյան, երբ հանրահավաքի ժամանակ խառնաշփոթ ստեղծվեց, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բղավում էր «կենդանի պատի» ներկայացուցիչների վրա՝ սթափության կոչ անելով։

Քիչ առաջ, երբ Բաղրամյան պողոտա է այցելել ՀՀ ոստիկանապետը, «7օր»–ը նրանից հետաքրքրվել է՝ կարծում է՝ այդ «կենդանի պատն» արդյունավե՞տ չէ։

–Եթե որպես դեկորացիա է՝ ֆիքսվելու համար, իհարկե, պիտանի չէ, իսկ եթե մարդիկ եկել են սրտացավությամբ և ուզում են ինչ–որ խնդիր լուծել, ուրեմն պետք է գոնե իրենց փորձը, իրենց տարիքը, իրենց կենսագրության փորձը տան երիտասարդներին, որպեսզի այդ երիտասարդների մեջ սադրիչներ չմտնեն, որպեսզի ոչինչ չխառնվի, որպեսզի չլինի անցանկալի երևույթ,–ընդգծել է նա։

Մեր ճշտող հարցին՝ այս մի քանի օրերն ի՞նչ ցույց տվեցին՝ «կենդանի պատը» դեկորացիայի՞ համար է, Վլ.Գասպարյանը բազմանշանակ ժպտալով պատասխանել է.

–Տեղ–տեղ։

«7օր»–ի մյուս հարցին՝ այս շաբաթ–կիրակի՞ էլ ոստիկանությունը հատուկ գործողությունների չի դիմի ցուցարարների հանդեպ, նա վստահեցրել է.

–Зрелищ не будет։ Ոչ ոք ոչ մեկի չի պատրաստվում վախեցնել։ Խաղաղվե՛ք, հանգի՛ստ եղեք, կարծում եմ՝ ժողովուրդը հասկացող է. չի գնա ինչ–որ սխալ քայլերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը