Քաղաքական

30.06.2015 11:10


Օսիպյանը խոսում է բնակիչների բողոքից, բնակիչները հակառակն են ասում (տեսանյութ)

Օսիպյանը խոսում է բնակիչների բողոքից, բնակիչները հակառակն են ասում (տեսանյութ)

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին խրատներ և խորհուրդներ էր տալիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ համոզելով նրանց հեռանալ այնտեղից։ Օսիպյանն ասում էր, թե ցուցարարների շարքերը պառակտվել են, և Բաղրամյան պողոտան փակելով՝ նրանք որևէ արդյունքի, միևնույն է, չեն հասնի։

–Արդեն ձեր մեջ հակասություններ կան. մի մասը՝ Օպերա, մի մասը՝ ստեղ. համախմբվե՛ք, ընտրե՛ք ձեր մեջից մասնագետներ, ներգավվե՛ք քննարկումներում։ Վերջիվերջո, Բաղրամյան պողոտան հո օդ չցնդեցրի՞նք այստեղից. Բաղրամյան պողոտան կա ու կլինի։ Մենք կարող ենք օրենքով մեզ վերապահված ձևերով կարգը վերակագնենք, բայց չենք ուզում,–նշել է Երևանի փոխոստիկանապետը։

Ցուցարարները, սակայն, ընդգծել են, որ Ազատության հրապարակում նստացույցը դադարեցված է, և այնտեղ գտնվող ցուցարաների մի մասը միացել է իրենց։ Ինչ վերաբերում է Վ. Օսիպյանի խորհուրդներին, նշել են, որ նրան կպատասխանեն ամեն օր երեկոյան Բաղրամյան պողոտայում հավաքվող քաղաքացիները։

Ցուցարարներից Սուրեն Սահակյանն էլ Օսիպյանին մեղարդել է դեմագոգիայի մեջ, ինչը վերջինին ափերից հանել է։

Օսիպյանը նաև պնդել է, որ պողոտան փակ լինելուց և աղմուկից բնակիչները բողոքում են, սակայն հենց այդ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող բնակիչներից մեկը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ իր հարևաններից և ոչ մեկը որևէ դժգոհություն չունի։

–Ո՞նց կարող եմ դժգոհել, եթե դա արվում է բոլորիս համար։ Դա չի արվում այսքան խմբի մարդկանց համար։ Ես ափսոսում եմ, որ չեմ կարողանում այստեղ երկար կանգնել,–նշել է բնակչուհին, ով ամեն առավոտ մանկահաս երեխայի հետ անպայման գալիս է Բաղրամյան պողոտա և, հնարավորության սահմաններում, մասնակցում այնտեղ ընթացող բողոքի գործողությանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը