Մեկնաբանություն

01.07.2015 12:40


Բաղրամյան 1. մարտավարական մի քանի հարցերի շուրջ

Բաղրամյան 1. մարտավարական մի քանի հարցերի շուրջ

Իշխանությունները փորձեցին գրավել Ազատության հրապարակն ու Բաղրամյան պողոտայից ծլկածների, տարատեսակ հաճախորդների ու սադրիչների միջոցով հակադրություն ստեղծել Բաղրամյան 1–ում մնացածների և անտիԲաղրամյանականների միջև, սակայն չստացվեց։

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի կենտրոնը շարունակում է մնալ Բաղրամյան փողոցը։

Ձևավորվել է նոր համակարգող խումբ։ Դատելով խմբի կազմից՝ հնարավոր չի եղել խուսափել իշխանությունների «մարդկանցից», որոնք կապված են «կենդանի պատի» որոշ հատվածների ու «չերեզ» պատ էլ՝ Բաղրամյան 26–ի հետ։ Անուններ չենք տալիս, բայց հենց նկատենք, որ Բաղրամյան 26–ի սցենարն է առաջ մղվում, անմիջապես անուններ էլ կտանք, կփչացնենք էլ, մի խոսքով, մեր ոճի մեջ՝ ամեն ինչ տեղը կդնենք։

«Ո՛չ թալանին»–ի պահվածքը հաշվի առնելով՝ պրոֆիլակտիկ–նախազգուշական միջոցառումներն ավելորդ չեն։ Բայց այս պահին չենք ուզում դավադրությունների տեսության գիրկն ընկնել։ Նոր խումբը կաշխատի, կտեսնենք։ Մեր կողմից էլ ամեն ինչով կաջակցենք, եթե տեսնենք, որ դհոլիադա չէ։

Ռազմավարական առումով, ըստ էության, ամեն ինչ հստակ է. սակագինը չպե՛տք է թանկանա, և վե՛րջ։ Այն «ֆինտուֆլյուշկաները», որոնք անում են իշխանությունները, ընդամենը ժամանակ ձգելու և իրենց թալանի իրավունքը պաշտպանելու համար են։ Հետևաբար, բողոքավորների պահանջը պետք է լինի կոշտ և անփոփոխ։

Ինչ վերաբերում է պայքարի մարտավարությանը, ապա ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայում հարկավոր է պահել շուրջօրյա նստացույցի ռեժիմն այնքան ժամանակ, քանի դեռ սակագնի բարձրացումը չի չեղարկվել։

Միայն իշխանամետ ֆեյք պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Բաղրամյան 26–ի աուդիտորական գյալաջիի մեջ մտնելու առաջարկը Բաղրամյան 1ը պետք է մերժի։

Ակնհայտ է, որ աուդիտն անցկացվում է սակագնի թանկացումը և հետագա թանկացումները «հիմնավորելու», այլ ոչ թե սակագնի թանկացումը չեղարկելու և հետագայում այն իջեցման ուղղությամբ վերանայելու համար։

ՀՀԿ ղեկավարը նախապես հայտնել է իր տեսակետը հոսանքի գնի թանկացման վերաբերյալ, այնպես որ, առնվազն միամտություն է կարծելը, թե աուդիտն այլ բան է մատուցելու հանրությանը։

Իշխանությունները խնդիր են դրել էներգետիկ համակարգը տոտալ սեփականաշնորհման ենթարկելու և ՀԷՑ–ը թալանի նորացված օբյեկտ սարքելու։ Այդ իսկ պատճառով էլ բարձրացրել են սակագինը։ Այնպես որ, պատրանքներ պետք չէ ունենալ, թե Բաղրամյան 26–ն, առանց դիմադրություն տեսնելու, կգնա սակագնի վերանայման։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքան պետք է մնալ Բաղրամյան 1ում, ապա պատասխանը, որը բխում է ռազմավարական խնդրից, շատ պարզ է՝ մնալ այնքան, մինչև սակագինը չվերանայվի։ Ու որպեսզի իշխանությունների վրա ճնշումը մեծացվի, անհրաժեշտ է բողոքավորների քանակական աճ ապահովել։ Դա նախ կնվազեցնի բռնության կրկնությունը և, բացի այդ, Բաղրամյան 26–ին կստիպի հետ կանգնել կոնկրետ սակագնի մասով թալանի մտադրությունից (մյուս ոլորտներում թալանը բարձր տեմպերով ընթանում է)։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հոգով ու սրտով Բաղրամյան պողոտայում կանգնածների հետ է, բայց դրան պետք է առարկայական տեսք տալ, այն է՝ զանգվածային դարձնել պայքարը և մեծացնել ճնշումը Բաղրամյան 26–ի վրա։

Ճնշման մեծացման լավագույն տեխնոլոգիան իշխանություններին սակագնի վերանայման համար որոշակի ժամկետ տալուց հետո նոր պահանջների առաջ քաշումն է։

Օրինակ՝ պետք է հայտարարվի, որ եթե մինչև այսինչ օրը Բաղրամյան 26–ը չի գնում սակագնի չեղարկման, ապա դրանից հետո սակագնի իջեցման պահանջին կավելացվեն այլ «ոչ քաղաքական» պահանջներ՝ գազի գնի վերանայում և այդ ոլորտում թալանի կանգնեցում (Բաղրամյան 26–ը 1000 խմ գազը ՌԴ–ից գնում է սահմանի վրա 189 դոլարով ու հետո սպառողներիս վաճառում այն կրկնակի թանկ գնով), կարմիր կետագծերի միջոցով ասֆալտից փող քամելու դադարեցում, արագաչափերի ու տեսախցիկների միջոցով ՀՀ քաղաքացիների միջին եկամտին անհամարժեք տուգանքների չափերի վերանայում և Բաղրամյան 26–ի հետ կապված մասնավոր կազմակերպությանն այդ ոլորտում արհեստական մենաշնորհից զրկում, էներգետիկ համակարգում կասկածելի գործարքների, մասնավորապես՝ Որոտանի համալիրի սեփականաշնորհման գործընթացի հետ պտտեցում, բնակչությանը տրամադրվելիք վարկային տոկոսադրույքների իջեցման հնարավորությունների ստեղծում և այլն։

Սոցիալ–տնտեսական տարբեր շերտերին առնչվող պահանջների առաջ քաշումը նաև հնարավորություն կտա մեծացնել ՀՀ քաղաքացիների շերտերի մասնակցությունը Բաղրամյան 1ում մեծացնել։

Հարկավոր է միս ու արյուն տալ նախաձեռնող խմբի նոր կոչին՝ «Հայաստա՛ն, արի՛ Բաղրամյան»։

7or.am

Հ.Գ.։ Ոստիկանության ներկայացուցիչները սկսել են այցելել Բաղրամյան պողոտային կից շենքերի բնակարաններ և փորձում են բնակիչներից դիմումներ կորզել, թե, իբր, նրանք դժգոհում են Բաղրամյան պողոտայում նստացուցավորների աղմուկից և այլն։ Պարզ է, որ այդպիսով ուզում են կեղծ հիմքեր ստեղծել շուրջօրյա նստացույցն ուժով ցրելու համար։

Նախաձեռնության նոր խմբի անդամները պետք է գնան հակաքայլի՝ պետք է հավաքեն Բաղրամյանին հարակից շենքերի բնակիչների ստորագրությունները՝ ստանալով նրանց աջակցությունը։ Հատկապես որ Բաղրամյանի բնակիչներից բողոք չկա և չի կարող հնչել, քանզի այդ պայքարը նաև իրենց շահերի համար է։

Այս խորագրի վերջին նյութերը