Մեկնաբանություն

06.07.2015 11:35


Բիբինն ու ՀԷՑ–ը՝ ինչպես Սարգսյանն ու ՀՀԿ–ն

Բիբինն ու ՀԷՑ–ը՝ ինչպես Սարգսյանն ու ՀՀԿ–ն

ՀԷՑ–ն ու Բիբինը ՀՀԿ–ի ու Սարգսյանի փոքր տարբերակներն են։

ՀԷՑ–ն անարդյունավետ կառույց է, որը վատ որակով ու բարձր գնով ծառայություններ է առաջարկում հանրությանը, և վերջինս, ուզի թե չուզի, պետք է օգտվի այդ ծառայությունից, քանզի ՀԷՑ–ը մենաշնորհային դիրք ունի։ Նույնը ՀՀԿ–ն է։ Այդ կուսակցությունը մենաշնորհային դիրք ունի քաղաքական դաշտում. ընտրախախտումներով վերցրել է իշխանությունը և վատ որակի կառավարում է իրականացնում։

ՀԷՑ–ը պարտքեր է կուտակել և ուզում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջոցով փոխհատուցել թալանը։ ՀՀԿ–ական իշխանությունն էլ է անընդհատ վարկեր վերցնում՝ ՀՀ ՀՆԱ–ի մոտ կեսի չափ դարձնելով մեր երկրի պարտքը։ Կառավարությունն ուզում է այս ամենի տակից դուրս գալ հարկային ճնշումները մեծացնելով, այսինքն՝ իշխանությունն էլ է «սակագին» բարձրացնում, բայց՝ այլ ձևերով։

ՀԷՑ–ն «ատկատների» ու կեղծ «տենդերների» կազմակերպման հսկայական օբյեկտի է վերածվել։ Նույնը ՀՀԿ–ական իշխանությունն անում է պետական բյուջեի հետ։

Ուշագրավն այն է, որ ՀԷՑ–ը պարտքեր է կուտակում, բայց դրա տնօրեն Բիբինի անձնական եկամուտներն աճում են, ու նա, անկախ ամեն ինչից, բարձր վարձատրություն է ստանում։ Նույն պատկերն է Սերժ Սարգսյանի դեպքում. ՀՀ տնտեսությունը նրա գլխավորած ուժի շնորհիվ անկում է ապրում, ներդրումները կրճատվում են, կապիտալը փախչում է Հայաստանից, աղքատությունն աճում է, բայց ՀՀԿ ղեկավարի ու նրա մերձավորների գործերը լավանում են։

Շատ այլ նմանություններ էլ կան ՀԷՑ–ի ու ՀՀԿ–ի, Բիբինի ու Սարգսյանի միջև։ Պատահական չէ, որ Սարգսյանն ու ՀՀԿ–ն ատամներով են պաշտպանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Տեսակը տեսակին է պաշտպանում։ Համ էլ՝ սակագնի բարձրացման պատվիրատուն Բաղրամյան 26–ն է։ Նազարյանի «կանտորան» առանց այնտեղից ստացած հրահանգի որոշում չի կայացնում։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը