Լրահոս

11.11.2009 15:54


Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայ–թուրքական գործընթացի այս փուլը կարելի է ասել՝ դադար է, կարելի է ասել՝ նախապատրաստությունն է ավելի մեծ իրադարձություններին»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայ–թուրքական գործընթացի այս փուլը կարելի է ասել՝ դադար է, կարելի է ասել՝ նախապատրաստությունն է ավելի մեծ իրադարձություններին»

«Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սովորել էինք նրան, որ քաղաքական իրադարձությունները բավական արագ են ընթանում։

-Այդ արագությունն, իհարկե, կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ, բայց ենթադրել, որ իրադարձություններ պետք է տեղի ունենան ամեն օր, այնքան էլ ճիշտ չէ։ Այս դադարը պայմանավորված է նոր իրադարձությունների սպասումով, որը պետք է տեղի ունենա կամ չունենա Թուրքիայի խորհրդարանում,-ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքը ցույց են տալիս, որ այնտեղ իրավիճակը բավական սուր է։

-Ես մի քանի օրից կլինեմ Թուրքիայում և կփորձեմ հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Կարելի է ասել՝ սա դադար է,  կարելի է ասել՝ նախապատրաստությունն է ավելի մեծ իրադարձություններին, որ մեզ սպասվում են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը, ապա կարող է լինել մի քանի սցենար։ Առաջինի դեպքում  հնարավոր է այն վավերացվի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Տրամաբանությունն այն է, որ մինչև ապրիլ նախապատրաստվեն սահմանի բացմանը։ Երկրորդի դեպքում հնարավոր է  մոտավորապես ապրիլ ամսին՝ ապրիլի սկզբին։ Հնարավոր է  նաև, որ փակ ռեժիմով քվեարկություն լինի, և այդ դեպքում թե՛ դրականի, թե՛ բացասականի դեպքում Թուրքիան կարող է արդարանալ։ Դրականի դեպքում կասի, որ չգիտենք, թե ով է կողմ քվեարկել, իսկ բացասականի դեպքում միջազգային հանրությանը կասի՝ ժողովրդավարություն է, և իրենք արել են ամեն ինչ։  Եվ հնարավոր է, որ հարցը չլուծվի, այսինքն՝ չվավերացվի,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե արդյոք ո՞ր սցենարն է ավելի հավանական՝ վավերացնե՞լը, թե՞ չվավերացնելը, Ալեքսանդր Իսկանդարյանը  պատասխանել է, թե  չգիտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը