Լրահոս

12.11.2009 11:05


Վլադիմիր Կարապետյան. «Դա նշանակում է, որ դեմ ենք արձանագրությունների՛ն, պարզ չէ՞»

Վլադիմիր Կարապետյան. «Դա նշանակում է, որ դեմ ենք արձանագրությունների՛ն, պարզ չէ՞»

Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ելույթով հանդես էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը և ասել, թե հայ-թուրքական արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ Հիշեցնենք, սակայն, որ ՀԱԿ ներկայացուցիչներից շատերի համար ոչ թե անընդունելի է միայն մեկ կետը, այլ նրանք ընդհանրապես դեմ են այդ արձանագրություններին։

ՀԱԿ արտաքին հարցերի հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, սակայն, «7օր»-ի հետ զրույցում պնդել է, որ միայն պատմաբանների հանձնաժողովն անընդունելի համարելը և ողջ արձանագրություններին դեմ լինելը միևնույն բաներն են։

-Դա նշանակում է, որ դեմ ենք արձանագրությունների՛ն, պարզ չէ՞։ Ի՞նչ կա այդտեղ ոչ հասկանալի և հակասական։ Փաստաթուղթն իր ամբողջականության մեջ պետք է նայել,- ասել է Վ. Կարապետյանը,- Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ անընդունելի  է պատմաբանների հանձնաժողովի կետը, իսկ դա փաստաթղթի մաս է, հետևաբար եզրակացությունը միանշանակ է։ Երկու կարծիք չի կարող լինել։

Վ. Կարապետյանը պնդել է, թե չի կարելի մի կետը փաստաթղթից պոկել, իսկ փաստաթուղթն ընդունել, քանի որ դրանք մի ամբողջություն են.

-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ կա Հայաստանի շահերին հակասող կետ, հետևաբար նա ասում է, որ կարգավորման այն մոդելը, որն ընտրել են մեր իշխանությունները, նույնպես հակասում են մեր շահերին։

Եվս մեկ անգամ նշենք, սակայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նման միտք չի արտահայտել։

«7օր»-ի այն հարցին էլ, թե ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած ելույթն անհատապես Լևոն Տեր-Պետրոսյանի՞ կարծիքն է, թե՞ ՀԱԿ-ի, Վ. Կարապետյանը պատասխանել է.

-Ձեր մեկնաբանությամբ կարող եք ցանակացած ձևով անվանել։

Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը վերջերս հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀՀ ԱԺ–ն առաջինն ընդունի արձանագրությունները՝ նշելով նաև այն հարակից գործողությունները, որոնք պետք է մեր խորհրդարանն անի։

Ի դեպ, երբ վերոնշյալ հարցերի վերաբերյալ «7օր»-ը ցանկացել է ճշտել նաև Դավիթ Շահնազարյանի տեսակետը, նա խնդրել է զանգահարել ՀԱԿ գրասենյակ և խոսել Արման Մուսինյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը