Մեկնաբանություն

17.07.2015 08:50


Խմե՞նք Հայաստանի կենդանի կենացը

Խմե՞նք Հայաստանի կենդանի կենացը

Սովետական սահմանադրության մեջ ամրագրված էր Կոմկուսի առաջնորդող դերի մասին նորմը։ ԽՍՀՄ–ում միակուսակցական համակարգը պաշտոնապես էր ընդունված. ձևականությունների հետևից չէին ընկնում։ Բնական է, որ այդ պայմաններում որևէ ընտրության մասին խոսք լինել չէր կարող։ Քվոտայով գերագույն խորհուրդ էր հավաքվում՝ գիտնականներ, կոլտնտեսուհիներ, բանվորներ, հովիվներ, դերասաններ, գրողներ, ուսուցիչներ և այլն։ Սրանց վերապահված էր փակ կաբինետներում ընդունված որոշումները դակելու գործառույթը։

ԽՍՀՄ ղեկավարներն ընտրովի չէին։ Նրանք կա՛մ ցմահ էին կառավարում, կա՛մ ներիշխանական հեղաշրջման արդյունքում զրկվում էին իրենց պաշտոնից։

Բոլշևիկներն ունեին կայուն մեծամասնություն խորհրդարանում։ Նաև՝ տոտալ իշխանություն։ Բայց այդ, կայունությունն ու տոտալիտարիզմն, ի վերջո, հանգեցրին ԽՍՀՄ փլուզմանը։ Հսկայական ռեսուրսների տեր այդ երկիրն ընդամենը 70 տարի դիմացավ միակուսակցական մարազմին ու մասնավոր սեփականության ինստիտուտը բացառող համակարգին։

Սերժ Սարգսյանը բոլշևիկների տիպիկ ներկայացուցիչ է։ Պատահական չէ, որ գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանից «Վերջի բոլշևիկ» կոչմանն արժանանալու պահին նա ուրախ ժպտաց (ՀՀԿ ղեկավարը շատ քիչ դեպքերում է ժպտում, բայց այդ պահին դեմքից ուրախություն էր թափվում. ենթագիտակցորեն դա ստացվեց)։

«Վերջի բոլշևիկը», սակայն, ի տարբերություն իր հոգևոր հայրերի, համեստ է, բարի ու մի փոքր «արևմտամետ»։ Նրա առաջարկած Սահմանադրության մեջ չկա հոդված, ըստ որի՝ ՀՀԿ–ն ունի բացառիկ դեր Հայաստանի հասարակությանը կառավարելու և առաջնորդելու հարցում։ Կուսակցության վրա նա թքած ունի, քանզի, ի տարբերություն բոլշևիկների, չունի գաղափարախոսություն, և Մարքսի փոխարեն պաշտում է Լինքոլնին, Գրանտին, Ֆրանկլինին ու մյուսներին (ինչպես հայտնի է, ԱՄՆ մի քանի նախագահների նկարները պատկերված են տարբեր արժեքների դոլարների վրա. ահա՛ նրա «արևմտամետության» հիմնական պատճառը)։

ՀՀԿ ղեկավարը սահմանադրական փոփոխությունների նախագծով ամրագրել է ոչ թե սեփականաշնորհած ՀՀԿ–ի, այլ անձամբ ի՛ր առաջատար դերի մասին նորմը։ Ճիշտ է, նա իր անունը չի նշել սահմանադրական փոփոխությունների նախագծում, բայց ամեն մի տողի տակից այդ անունը դուրս է ցատկում։ Հենց այդ համեստ վարքագծով էլ նա տարբերվում է բոլշևիկներից ու նորից ցույց տալիս իր «արևմտամետ» էությունը։

Ինչ վերաբերում է բարությանը, ապա Սարգսյանը զանգվածային ռեպրեսիաների չի դիմում ու 37 թիվ չի սարքում, այլ բավարարվում է լոկալ բռնությունների կիրառմամբ և պայմաններ է ստեղծում զանգվածային արտագաղթի համար։ Իսկ թե հետո ինչ է լինում «Հայկական աշխարհում» հայտնվածների հետ, արդեն իր գործը չէ («Ե՞ս եմ մեղավոր, որ տղադ խոպանից տուն չի գալիս»)։

Մնացած առումներով նա բոլշևիկներից վերցրել է ամեն ինչ։ «Խորհրդարանական կայուն մեծամասնությունը» ոչ այլ ինչ է, քան խորհրդային կոմկուսի քաղաքական մենաշնորհի արդիականացված տարբերակը։

Թե ինչ կստացվի սերժական մոդելի քաղաքական մենաշնորհի արդյունքում, դժվար չէ կռահել։ Մենք ԽՍՀՄ ռեսուրսները չունենք, հետևաբար մեր սերնդին կարող է բաժին հասնել ինչպես ՀՀ անկախությունը տեսնելը և Արցախում տարած հաղթանակի բերկրանքը վայելելը, այնպես էլ ՀՀ թուլացմանն ականատես լինելն ու աշխարհի քաղաքական քարտեզի վրայից վերանալուն հետևելը։

Եթե Սերժ Սարգսյանի ծրագրերը կյանքի կոչվեն, ապա ստիպված կլինենք օտար երկրների գինետներում խմել Հայաստանի կենդանի կենացը։ Եվ հանուն ինչի՞ պետք է սա թույլ տալ։ Հանուն այն բանի, որ մեկ հոգի որոշել է ցմահ իշխել ու Հայաստանը վերածել տնամերձ բոստանի՞։

Եթե համաձայն չենք հոռետեսական սցենարին, ապա պետք է այնպես անել, որ խիարը թարս բուսնի։

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելով՝ ակամայից նաև իշխանափոխության պատվեր է իջեցրել։ Հարկավոր է բավարարել այդ պատվերը։ Հրաժեշտ տանք «Վերջի բոլշևիկին» ու վերջնականապես ազատվենք բոլշևիկյան մնացուկներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը