Մեկնաբանություն

18.07.2015 10:25


Իրավական դաշտի տիգրանսարգսյանները

Իրավական դաշտի տիգրանսարգսյանները

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման նպատակով Սերժ Սարգսյանը 2008թ. վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին։ Վերջինս սեփականության վերաբաշխման, հարկային տեռորի ու «ատկատային» տնտեսության գործիքի դեր ստացավ։ Պետք է նկատել, որ նա փայլուն կերպով իրականացրեց այդ դերը՝ հընթացս «մեղրոտելով» սեփական ձեռքերը «տենդերային» մեքենայությունների, օֆշորային «քցոցիների» և վարկային մսխումների տեսքով։

Տիգրան Սարգսյանի գործունեության արդյունքում «Հայկական աշխարհը» համալրվեց ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացիներով։ Միայն այս ցուցանիշը բավարար էր իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու համար, քանզի պատերազմի մեջ գտնվող երկրում մարդաթափության քաղաքականության իրականացումը հավասարազոր է պետական դավաճանության։

Չնայած արտաքին ու ներքին քաղաքականության մեջ արձանագրված խայտառակ ձախողումներին՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց մնալ նախագահի աթոռին, ինչը խոսում է մեր հանրության ու հատկապես քաղաքական դաշտի շատ թույլ դիմադրողականության մասին։

Սարգսյանը հաղթեց քաղաքական դաշտին, բայց պարտվում է Սահմանադրության 50րդ հոդվածին։ Պարտվում է այն առումով, որ այդ հոդվածի համաձայն՝ նա չի կարող նախագահության երկրորդ ժամկետից հետո գնալ երրորդին։ Ահա այդ արգելքը հաղթահարելու համար էլ նա գնում է «սահմանադրական բարեփոխումներ» կոչվող արկածախնդրությանը։ Այդ փոփոխությունները միտված են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավարտին հասցնելուն, նեոբոլշևիկյան համակարգ ներդնելուն և ցմահ իշխելուն «Այո՛ թալանին» կարգախոսի շրջանակներում։

Եթե տնտեսական դաշտում Սերժ Սարգսյանի գործիքը Տիգրան Սարգսյանն էր, ապա հակասահմանադրական հեղաշրջումն իրականացնելու հարցում նրա գործիքներն են դարձել այնպիսի դեմքեր, ինչպիսիք են դաշնակցական Արմեն Ռուստամյանից «չաթլախի» կոչմանն արժանացած Հրայր Թովմասյանը (հիմա այդ երկուսը միևնույն տիրույթում են հայտնվել) և Վարդան Պողոսյանը։ Սրանք երեկ ասուլիս են տվել ու փրփուրը բերաններին պաշտպանել պետական հեղաշրջման սերժսարգսյանական ծրագիրը։

Հրայրի ու Վարդանի պահվածքը կարելի է համեմատել նացիստական ռեժիմի օրոք գազախցիկներ կառուցող ինժեներների կամ մարդկանց մահապատիժն իրականացնողների հետ։

Եթե սույն իրավաբաններին թվում է, թե իրենք պատասխանատվություն չեն կրում Հայաստանը վտանգի ենթարկող սահմանադրական տեքստի պատրաստման համար, ապա չարաչար սխալվում են։

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ պատժի ենթարկվեցին ինչպես նացիստական գաղափարախոսները, այնպես էլ կատարողները։ Այնպես որ, իրավական դաշտում տիգրանսարգսյանություն անելը նույնքան դատապարտելի է, որքան «Վերջի բոլշևիկի»՝ Հայաստանը տնամերձ բոստանի վերածելու հիվանդագին ցանկությունը։

Պատվեր կատարողներին պետք է պատվիրատուի հետ միևնույն հարթության մեջ դնել, քանզի առաջիններն ախմախ չեն, ու շատ լավ հասկանում են, թե ինչ պատվեր են կատարում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում Հայաստանում շատ քիչ մարդ է մնացել, ով չի վարկաբեկվել։ Խոսքս հրապարակային դեմքերի մասին է։

Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողսյանը տարիներ առաջ հարգված մարդիկ էին և ունեին որակյալ իրավաբանի համարում։ Հիմա դարձել են պետության դեմ ուղղված պատվեր կատարող դահիճներ։

Նույնն, ի դեպ, տեղի ունեցավ «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, երբ «խուրդվեցին» «թուրքագետ» և «քաղաքագետ» կոչվածները, ովքեր կուրծք ծեծելով պաշտպանում էին «նախաձեռնողական» արկածախնդրությունը, իսկ հիմա դարձել են «թունդ պահանջատեր» դիշովկեք։

Սերժը, փաստորեն, մասնագիտություններ է փչացնում։ Տիգրան Սարգսյանի գործունեության արդյունքում տնտեսագիտությունը և տնտեսագետի որակավորում ունեցող մարդիկ սկսեցին ալերգիա առաջացնել հանրության մոտ։ Հետո վարկաբեկվեցին թուրքագետները և քաղաքագետները։ Հիմա հերթը հասել է իրավաբաններին։

Մարդիկ հենց լսեն, որ այսինչ մեկն իրավաբան է, մտածելու են, որ Հրայրի պես մեկն է. չկրկնեմ, թե ինչ է։

Այս խորագրի վերջին նյութերը