Քաղաքական

20.07.2015 14:32


Սա վերարտադրության Սահմանադրություն է՝ մշտակա՛ն վերարտադրության

Սա վերարտադրության Սահմանադրություն է՝ մշտակա՛ն վերարտադրության

–Սա վերարտադրության Սահմանադրություն է՝ մշտակա՛ն վերարտադրության: Փորձում են «սահմանադրական» հեղափոխություն կատարել Հայաստանում ու հաստատել միակուսակցական իշխանություն,–սահմանադրական փոփոխությունների թեմայով այսօր հրավիրված քննարկմանը հայտարարել է քաղաքագետ, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Նա համոզված է, որ գրվել է ոչ թե մարդակենտրոն (ինչպես իշխանություններն են ներկայացնում), այլ կուսակցակենտրո՛ն Սահմանադրություն, որտեղ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա անվերջ վերարտադրվել:

–Եթե իշխանության ձևավորման հարցում կա այնպիսի դրույթ, ինչպիսին կայուն մեծամասնությունն է, ապա պետք է մոռանանք մնացած բոլոր կետերի մասին։ Նույն Խորհրդային միության Սահմանադրության մեջ ահագին լավ բաներ կային գրված, բայց դրանք երբեք իրականություն չդարձան այն պատճառով, որ իշխանության ձևավորման հարցում կային սկզբունքներ, որոնք զրոյացնում էին մնացածը,–ընդգծել է Ա.Գրիգորյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով փակվում է ժողովրդավարության ճանապարհով Հայաստանի զարգացման հեռանկարը.

–Պահում են միայն փողոցը՝ ժողովրդին կանգնեցնում են հեղափոխական ճանապարհի ընտրության առաջ։ Նույնը կատարել է Մուբարաքը։ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ այնպիսի Սահմանադրություն է Եգիպտոսում գրվել, որ միայն Մուբարաքը կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նրանք էլ թողել էին միայն հեղափոխական ճանապարհը՝ երկրի զարգացման տակ ռումբ դնելով։

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող վստահեցումներին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ինքը ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ է լինելու, Ա.Գրիգորյանը հակադարձում է.

–Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին բազմաթիվ խոստումներ է տվել և չի արել։ Չկա որևէ վստահություն, որ այս անգամ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը կլինի, և իսկապես հեռանա։ Նաև՝ սահմանադրական փոփոխությունները կատարում են միայն նրա համար, որ ստեղծեն ավտորիտար ռեժիմ։ Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է հեռանալ, ինչո՞ւ է ստեղծում ավտորիտար ռեժիմ, որտեղ կլինի միակուսակցական համակարգ։ Գենսեկի տարբերակով է կառավարումն իրականացվելու. կուսակցության ղեկավար լինելով՝ Սերժ Սարգսյանն իշխանության վրա լծակներ է ունենալու։

Քաղաքագետի հետ համամիտ է նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։ Նա շեշտում է, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կարող էր այդպիսի հայտարարություն չանել, քանի որ գործող Սահմանադրությամբ երրորդ անգամ նա իրավունք չուներ լինել իշխանության ղեկին։

–Բայց քանի որ 3–րդ անգամ անընդմեջ ընտրվելու հնարավորությունը բացակայում է, պետք էր մտածել մեկ այլ օրինական իրավական ճանապարհ՝ իշխանությունն այլ ձևով պահելու, որը և եղավ սահմանադրական փոփոխությունների տեսքով։ Վստահություն չի ներշնչում նաև այն, որ մե՛կ անձ որոշել է սահմանադրական փոփոխություններ անել, մե՛կ անձ որոշել է՝ ով պիտի լինի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մեջ, մե՛կ անձ որոշել է՝ ով պետք է տեքստը գրի,–ասել է Հ.Տիգրանյանը։

Քննարկման մեկ այլ բանախոս, «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ հավելել է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանում կստեղծվի մի համակարգ, որտեղ ՀՀԿ–ն այս նույն լճացված վիճակը պահպանելով՝ կամրացնի իր դիրքերը։

Այս ամենը ոչ թե սահմանադրական փոփոխություններ են, այլ սա նո՛ր Սահմանադրություն է. փորձ է արվում նոր՝ չորրորդ հանրապետություն ստեղծել: Բացի տարակուսանքից՝ ուրիշ ոչ մի բան չի կարող առաջացնել այս նախագիծը։ Հեռանկար չունեցող մի գործընթաց է, որ ինչքան էլ փորձեն ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել, չի անցնելու,–նշել է Ա.Կիրակոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը