Քաղաքական

20.07.2015 15:29


Էթնոհոգեբան. «Հիտլերը, Ստալինը, Բերիան էլ էին ձգտում մեծ իշխանության»

Էթնոհոգեբան. «Հիտլերը, Ստալինը, Բերիան էլ էին ձգտում մեծ իշխանության»

Էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ երբ 2–3 անձնավորություն խումբ են կազմում, նրանց մեջ առաջ է գալիս մյուսի վրա տիրապետելու մոտիվացիան՝ իշխանության ձգտումը։

–Դա հասարակության մեջ որոշ անձնավորությունների մոտ հասնում է հիվանդագին աստիճանի։ Հիտլերը, Ստալինը, Բերիան և նրանց համախոհներն առանց իշխանության իրենց կյանքը չէին պատկերացնում, ընդ որում՝ մե՛ծ իշխանության։ Անձն ուզում է հասնել իշխանության, որ բազմաթիվ մարդկանց ենթարկի իրեն, ազդի նրանց ճակատագրերի վրա, օգտագործի նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը՝ իր կողմից դրված խնդիրները լուծելու համար։ Կիրք է առաջանում իշխանության նկատմամբ,–ընդգծել է էթնոհոգեբանը։

Խոսելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին՝ Ա.Նալչաջյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը ևս ձգտում է իշխանության.

–Սերժ Սարգսյանն ուզում է իշխանություն՝ իշխանասե՛ր մարդ է. երբ մարդը իշխանության համը տեսնում է, շատ դժվար է ազատվում այդ հմայքից։ Ում էլ տաք իշխանություն, կզարգանա նրա մոտ մոտիվացիան, իշխանությունը կդառնա շատ գրավիչ, և նա չի ցանկանա հրաժարվել դրանից։ Մանավանդ եթե մանկության տարիներին աղքատության մեջ է ապրել և հասարակ ծագում ունի։

Կարդալով սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ էթնոհոգեբանը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանությունից հեռանալ, բայց չի էլ ուզում ավելի քիչ իշխանություն ունենալ, քան հիմա ունի։

–Եվ ի՞նչ պետք է անել դրա համար, քանի որ գործող Սահմանադրությամբ 3–րդ անգամ նախագահ ընտրվել չի կարող։ Ուրեմն միակ ելքն է, որ պետական կարգն այնպիսի փոփոխությունների ենթարկվի, որպեսզի, օրինակ, վարչապետն ունենա ավելի շատ իշխանություն, քան հիմա նախագահն ունի,–ասել է Ա.Նալչաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը