Աշխարհ

24.07.2015 12:11


Թուրքական ընդդիմությունը պատրաստվում է վերընտրությունների

Թուրքական ընդդիմությունը պատրաստվում է վերընտրությունների

Թուրքական խոշոր ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ վերընտրություններն ավելի հավանական ելք են, քան կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է պետական «Yeni Safak» թերթին տված հարցազրույցում։

«Իմ կարծիքով արտահերթ ընտրությունների անցկացումն առավել հավանական տարբերակ է։ Կոալիցիայի ձևավորման համար երկու կողմից էլ քայլեր են ձեռնարկվել, սակայն նախկինի պես շարունակում են զանազան բարդություններ մնալ»,–ասել է Քըլըչդարօղլուն։

Հիշեցնենք՝ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան հունիսի 7–ին՝ զարմացնելով դիտորդներին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի օգտին ակտիվ քարոզչություն էին անում ինչպես նրա առաջնորդը՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, այնպես էլ նրա հիմնադիրը՝ այդ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավաքեց ձայների ընդամենը 43 տոկոսը՝ 13 տարվա ընթացքում առաջին անգամ խորհրդարանում մեծամասնություն չկազմելով։

Ընտրությունների արդյունքները խաչ քաշեցին Էրդողանի և նրա կուսակցության՝ երկրում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ծրագրերի վրա՝ Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից դարձնելու նախագահական։

Եթե ընտրություններից հետո մեկուկես ամսվա ընթացքում (այսինքն, մինչև այս շաբաթավերջ) չհաջողվի ձևավորել նոր կառավարություն, ստիպված կլինեն խորհրդարանը ցրել և նոր ընտրություններ անցկացնել, որոնք իշխող կուսակցությանը կարող են ևս մեկ հնարավորություն տալ։

Այդ հնարավորությունը, սակայն, բավական աղոտ է։ Համաձայն հարցումների՝ եթե ընտրությունները տեղի ունենան առաջիկա հանգստյան օրերին, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չի հաջողվի բարելավել իր հունիսյան արդյունքը, էլ չասած սահմանադրական մեծամասնություն կազմելու մասին, որն անհրաժեշտ է՝ փոխելու համար երկրի պետական կառուցվածքը։

Չնայած, մինչև նոյեմբեր, երբ հնարավոր է՝ տեղի ունենան վերընտրություններ, իրավիճակը կարող է փոխվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը