Մեկնաբանություն

28.07.2015 00:05


ՀՀԿ–ն պատրաստվում է «թռիչքի»

ՀՀԿ–ն պատրաստվում է «թռիչքի»

Երբ Աշոտ Նավասարդյանն իր համախոհների հետ ստեղծում էր ՀՀԿ–ն, նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ կառույցը հետագայում կդառնա իշխանության վերին օղակի, պետական բյուրոկրատիայի, կրիմինալի և խոշոր փողատերերի միավորում, որը հետխորհրդային երկրներում կոչվում է իշխանության կուսակցություն, և որն իր էությամբ նման է բոլշևիկյան կուսակցությանը։

ՀՀԿ–ն՝ «կալաբոկի» դերում

ՀՀԿ–ն մեր քաղաքական դաշտի «կալաբոկն» է, որն ամեն անգամ «տատիկից» ու «պապիկից» փախել ու հայտնվել է նոր տիրոջ գրկում։ Թե ինչ է լինելու վերջում, կարելի է հեշտությամբ կռահել։ Մանավանդ եթե հեքիաթին ծանոթ ես։

1995–ին ՀՀԿ–ն ընդդիմադիր դաշտից տեղափոխվեց իշխանական դաշտ՝ կցվելով ՀՀՇ–ին ու վերջինիս հետ միասնական ցուցակով մասնակցելով խորհրդարանական ընտրություններին։ «Հանրապետություն» բլոկն այն ժամանակ վերցրեց ԱԺ հսկիչ փաթեթը։

1998ին ՀՀԿ–ն լքեց «Հանրապետություն» բլոկը՝ ճամբարափոխության շրջանակներում։ «Հանրապետությունը» փլուզվեց, իսկ ՀՀԿ–ն մինչև այդ նոր տեր էր գտել։ Այդ կառույցը սեփականաշնորհեց Վազգեն Սարգսյանը։ Թե ինչու հենց այդ կուսակցությունը, արդեն էական չէ։ Էականն այն է, որ դրանից հետո ՀՀԿ–ն դարձավ բոլոր տիպի իշխանավորների կողմից օգտագործվող գործիք։

1999–ի հոկտեմբերի 27–ից հետո ՀՀԿ–ն մի քիչ գոռգոռաց, «քացի տվեց», բայց հետո տեղավորվեց Բաղրամյան 26–ի տակ։

Անդրանիկ Մարգարյանին տվեցին վարչապետի պաշտոնը և ՀՀԿ–ն ղեկավարելու հնարավորությունը։ Նա այնքան աճեց, որ հավակնում էր իշխանության թեկնածուն դառնալ 2008թ. նախագահական ընտրություններում, սակայն վրա հասած մահը ճիշտ պահին օգնեց Սերժ Սարգսյանին (այլոց մահերը հաճախ են օգնել Սերժ Սարգսյանին), ու վերջինս դարձավ Անդրանիկ Մարգարյանի զույգ աթոռների՝ վարչապետի ու ՀՀԿ նախագահի, տերը։ Դա հնարավորություն տվեց 2007թ. ընտրակեղծիքների միջոցով խորհրդարանում հսկիչ փաթեթ ունեցող Ս. Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու իշխանական ճամբարից։

Հիմա էլ Սերժ Սարգսյանն է պահանջում ՀՀԿ–ի հրաժարականը

2000թ. ՀՀԿ–ն պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հետո Սարգսյանը դարձավ ՀՀԿ–ական ու այդ կուսակցության ղեկավար։

Ճակատագրի հեգնանք այն է, որ Սարգսյանն այժմ պահանջում է ՀՀԿ–ի հրաժարականը՝ հայտ ներկայացնելով նոր Սահմանադրության շրջանակներում միանձնյա իշխանություն ունենալ։

Սերժ Սարգսյանը փորձում է «սահմանադրական» հեղաշրջման միջոցով ՀՀԿ–ն վերջնականապես վերածել կոմկուսական տիպի կառույցի, որի հիմնական, ավելի ճիշտ՝ միակ գործառույթը պետք է լինի «գենսեկի» կարգավիճակով ԱԺ–ն ղեկավարող Սերժ Սարգսյանի որոշումները դակելը։

Սա նոր վիճակ է ՀՀԿ–ի հին ու ավելի հին շրջանակների համար։ Նրանք միշտ էլ հլու–հնազանդ ծառայել են օրվա նախագահին (Լևոն Տեր–Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) կամ տվյալ պահի ազդեցիկ դեմքին (Վազգեն Սարգսյան), բայց անասնաֆերմայում մայող ոչխարի դեր չեն ունեցել։ Սարգսյանն իր Սահմանադրությամբ հենց այդպիսի դեր է նախատեսել ՀՀԿ–ի համար, որն արդեն պայմանականորեն կարելի է կոչել իշխանության կուսակցություն։

«Կկուն» գիտի՝ «բույնն» է հոտած

ՀՀԿ–ում տեսնում ու հասկանում են, թե ինչ են ուզում անել Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։ Ուզում են «հակաօլիգարխիկ պայքարի» քողի տակ նեոբոլշևիկյան տիպի սեփականության տոտալ վերաբաշխում իրականացնել ու տնտեսաքաղաքական դաշտի սուպերմոնոպոլիա հաստատել։ Նման հեռանկարը ձեռնտու է բացառապես Սերժ Սարգսյանին ու իր մերձավորներին։

«Սահմանադրական» հեղաշրջման զոհերը ՀՀ քաղաքացիներն են լինելու, նաև՝ մյուս բոլոր այն շրջանակները (այդ թվում՝ ՀՀԿ–ի մեծ մասը), որոնք չեն մտնում Սարգսյանի նեղ շրջապատի մեջ։

Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում աճում է ներքին լարվածությունը։ Ոմանք անորոշության մեջ են և չեն հասկանում, թե ինչու է Սարգսյանը գնում արկածախնդրության։ Մյուսները շատ լավ հասկանում են, թե ինչ է ուզում ՀՀԿ ղեկավարն, ու ամեն ինչ անելու են՝ տորպեդահարելու նրա սուլթանական «կայֆերի» ապահովման գործընթացը։

ՀՀԿ–ն պատրաստվում է «թռիչքի»։ Բայց այս անգամ, ի տարբերություն նախորդների, «թռիչքը» կարող է լինել «կկվի» բնի վրայով։ Ամեն ինչ կախված է հանրային ակտիվությունից։ Եթե մեծ ալիք բարձրացավ, ապա առանձին ՀՀԿ–ականներ այնպիսի «թռիչքներ» կգործեն, որ շատերի բերանը բաց կմնա։

Մեկ բան ակնհայտ է՝ «կկուն» իր քարոզչամեքենայի միջոցով տարածում է, թե «բույնը» հոտած է՝ փորձելով կեղծ թիրախ հրամցնել հանրությանը ու համոզել, որ նոր Սահմանադրությունը կմաքրի «բույնը», բայց դե, «էն գլխից» է հայտնի, որ հոտածը «կկուն» է, ոչ թե «բույնը»։

Դեռ ինչե՜ր ենք տեսնելու։ Ժողովրդական լեզվով ասած՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը