Մեկնաբանություն

05.08.2015 01:35


Սերժ Սարգսյանը վերացնում է Սահմանադրությունը

Սերժ Սարգսյանը վերացնում է Սահմանադրությունը

Արդարադատության նախարարությունը հրապարակեց ևս մի քանի գլուխ նոր Սահմանադրության նախագծից (անցումային դրույթները դեռ գաղտնի են պահվում, և կարելի է պատկերացնել, թե ինչպիսի խայտառակ բաներ են նախատեսվում)։

Պետք է խոստովանել, որ Սերժ Սարգսյանի մտքի թռիչքի չափը մինչև հիմա չէինք պատկերացրել։ ՀՀԿ ղեկավարն ամեն անգամ նոր խոսք է ասում սահմանադրագիտության մեջ։

Սահմանադրական նախագծի նոր գլուխների հրապարակումից հետո միանշանակ կարելի է պնդել, որ Սարգսյանը ոչ թե նոր Սահմանադրություն է առաջարկում, այլ հանրաքվեով ուզում է վերացնել գործող Սահմանադրությունը։ Իսկ այն, ինչ առաջարկվում է, ոչ թե Սահմանադրություն է, այլ բառիս բուն իմաստով զուգարանի թուղթ, որն օգտագործում են մեկ անգամ ու նետում։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մեր երկրի խորհրդարանն է ուզում դարձնել «բեզռազմեռնի», այլ նաև Սահմանադրությունը, որն օրվա կուրսով կարող է փոխվել։

Բանն այն է, որ Սահմանադրության նախագծի 15րդ գլուխը (Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն) նախատեսում է համաժողովրդական քվեարկությամբ ընդունված Սահմանադրության փոփոխություն ԱԺ–ի որոշմամբ (հոդված 201)։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պլանավորել է կեղծիքներով անցկացնել Սահմանադրությունը, և որպեսզի հետագայում ինչ ուզի՝ անի, նույն այդ Սահմանադրությամբ ամրագրել է, որ բացառությամբ մի քանի հոդվածների՝ մյուսները կարող են փոփոխության ենթարկվել օրենսդիր մարմնի առնվազն 2/3–ի ձայներով։

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին նաև գործնականում զրկում են Սահմանադրություն ունենալուց, քանզի այն դառնում է խիստ պայմանական ու ցանկացած պահի փոփոխության ենթակա մի փաստաթուղթ, որի հետ ԱԺ–ում հայտնված բանդան՝ «խորհրդարանական կայուն մեծամասնությունը», իր պարագլխի ցուցմամբ, ինչ ուզում՝ անում է։

Հանրաքվեով ընդունվող մայր օրենքի տերը ՀՀ քաղաքացիներն են, և միայն նրանք կարող են փոփոխություններ կատարել այդ փաստաթղթում։ Գործող Սահմանադրության 111–րդ հոդվածի 1–ին մասում հստակ նշված է, որ Սահմանադրությունն ընդունվում, կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով։ Ասել է թե՝ Սահմանադրությունն ընդունող և փոփոխություն մտցնող սուբյեկտը նույնն է։ Մինչդեռ ՀՀԿ ղեկավարը հիմա ուզում է ձերբազատվել այդ հոդվածից՝ խլելով ՀՀ քաղաքացիների՝ մայր օրենք ստեղծելու և դրա ճակատագիրը տնօրինելու իրավունքը։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի պատվիրած սահմանադրական նախագծով պետական կառավարման մարմինները, իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերը, ըստ էության, ձևախեղվում են ու ստանում այլ նշանակություն, քանզի եթե սահմանադրորեն նրանց վերապահված գործառույթներն ու այլ բաները կարող են րոպեն մեկ փոփոխվել ԱԺ–ի 2/3–ով, ապա մենք ստանում ենք տնաբույծ սուլթանի քմահաճույքները բավարարող բանդոկրատիա, այլ ոչ թե պետություն։

Դե, եթե ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ–ին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատախազությանը, Կենտրոնական բանկին, տեղական ինքնակառավարմանն ու մյուս ինստիտուտներին վերաբերող սահմանադրական կետերը ենթակա են փոփոխության օրենսդիր մարմնի կողմից, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը «սահմանադրորեն» ուզում է իրեն իրավունք վերապահել անգամ պետական կառավարման մոդելն օրական փոփոխության ենթարկելու համար։

Նա կարող է Սահմանադրության մեջ գրել (անշուշտ, ԱԺ 2/3–ի համաձայնությամբ), որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ցմահ ղեկավարն է, որ արևն այսուհետև պետք է դուրս գա արևմուտքից, ու մայր մտնի արևելքում, որ ինքը հանդիսանում է վերպետական անձ, որ մեր պետությունն իր բոստանն է։

Մի խոսքով, ամեն ինչ կարող է գրել, քանզի Սահմանադրությունը փոխելու լիազորություն է տվել ԱԺ–ին։ Այն ԱԺ–ին, որի գլխին «գենսեկի» կարգավիճակով ուզում է ինքը նստել։ Եթե անհրաժեշտ տոկոսները «խփվեն», ու առաջարկվող այս նախագիծն անցնի, ապա մենք սահմանադրորեն Սերժ Սարգսյանին հնարավորություն կտանք Սահմանադրությունն իր հայեցողությամբ գրեթե ամեն օր ձևափոխել ու կարել իր ուզած «ռազմերով»։

Սարգսյանն առաջարկում է մի Սահմանադրություն, որի պայմաններում այլևս դրա տերն ու տնօրենը բացառապես ինքն է լինելու, իսկ ՀՀ քաղաքացիները զրկվելու են մայր օրենքով իշխանական կամայականություններից պաշտպանվելու անգամ տեսական հնարավորությունից, քանզի հենց որ սերժական Սահմանադրության որևէ կետը սկսի խանգարել «կայուն մեծամասնության» տնօրենին, այդ կետն անմիջապես ԱԺ–ով կփոխեն ու թեման կփակեն։

Համաձայնեք, որ նման ղալաթ անգամ ստալինյան Սահմանադրության մեջ չկար։ Նեոբոլշևիկները, ըստ այդմ, գերազանցում են իրենց հոգևոր հայրերին։

Սարգսյանը, փաստորեն, թքում է հայ ժողովրդի ու Հայաստանի վրա՝ փորձելով անասնաֆերմայի վերածել մեր երկիրը։ Այս ամենից բխում է, որ մենք հիմա «կա՛մ, կա՛մ»–ի առաջ ենք կանգնած։

Կա՛մ Սերժ Սարգսյանը կյանքի կկոչի իր ծրագրերը՝ հայ ժողովրդին տանելով «ԶԱԳՍ», կա՛մ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ Սերժ Սարգսյանին տանելով «դատախազություն»։ Երրորդ տարբերակ չկա։ Այս պայքարում երրորդ կողմ էլ չի կարող լինել՝ «կա՛մ, կա՛մ»։

7or.am

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը գործում է հայտնի մարդկանց ոճով, որոնց ուզածը մութ գիշերն է։

ՀՀԿ ղեկավարի ընկերն այժմ շոգ ամառն է դարձել։ Նրան թվում է, թե եթե 40 աստիճան շոգին հրապարակի իր ծրագրերը, ապա դրանք մարդիկ չեն կարդա, ու ինքը կկարողանա սղացնել այդ ամենը։ Ինչպիսի՜ միամտություն։

Ի դեպ, Սարգսյանի տիպի բոլոր իշխանավորներին էլ թվացել է, թե իրենք մյուսներից տարբերվում են, ու իրենց հետ դա չի պատահի։ Ինչպիսի՜ կործանարար ինքնավստահություն։

Սարգսյանն իր «սահմանադրական» հեղաշրջման նախագծով ՀՀ քաղաքացիներին հեղափոխության պատվեր է իջեցնում։ Թեև հայ ժողովուրդը պարբերաբար չի կատարել նրա համանման պատվերները, սակայն այս անգամ պետք է ամեն ինչ անել, որ պատվիրատուն վերջապես ստանա իր ուզածը։

Այս խորագրի վերջին նյութերը