Մեկնաբանություն

05.08.2015 08:30


«Սահմանադրությունը ես եմ»

«Սահմանադրությունը ես եմ»

«Էն գլխից» էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանը սահմանադրափոխության գործընթացը նախաձեռնել է, որպեսզի կարողանա հաղթահարել գործող Սահմանադրության 50րդ հոդվածում առկա խոչընդոտն, ու ցմահ մնալ իշխանության ղեկին։ Պարզ չէին, սակայն, դետալները, թե ինչպես է նա պատկերացնում մնալու ձևերն, ու ինչ տիպի համակարգի պայմաններում։

Նոր Սահմանադրության հայեցակարգի ու նախագծի հրապարակումից հետո արդեն հստակ ուրվագծվեցին ՀՀԿ ղեկավարի՝ «սահմանադրական» հեղաշրջման ճանապարհային քարտեզի կետերը, այն է՝ բոլորիս հայտնի մեթոդներով ձևավորել «խորհրդարանական կայուն մեծամասնություն», որը խորհրդային Գերագույն խորհրդի պատգամավորների պես բացառապես դակիչ ֆունկցիա է կատարելու՝ ենթարկվելով «գենսեկի» ցանկություններին։

Երեկ հրապարակված նոր գլուխներից պարզ դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանն ուզում է առաջնորդվել «Սահմանադրությունը ես եմ» սկզբունքով։ Այլ կերպ հնարավոր չէ գնահատել այն դրույթն, ըստ որի՝ հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը կարելի է փոխել ԱԺ–ի 2/3ի ցանկությամբ։ Այդպիսի դրույթ ամրագրված է նախագծի 201րդ հոդվածում։

Սերժ Սարգսյանն իր պատկերացրած համակարգում պլանավորում է «խորհրդարանական կայուն մեծամասնության» (եթե ձայները չհերիքեն, ապա հաճախորդները կան ու կան) միջոցով ցանկացած պահի փոփոխության ենթարկել Սահմանադրությունը՝ այն դարձնելով իր թաշկինակը։

Եվ այսպես, նոր Սահմանադրության նախագծի 89–րդ հոդվածով «Վերջի բոլշևիկը» նախատեսում է իշխանությունը սեփականաշնորհել, իսկ 201–րդ հոդվածով՝ Սահմանադրությունը։

Ավելի խայտառակ բան հնարավոր չէր պատկերացնել։ ՀՀԿ ղեկավարն իր կամակատարներին հրահանգել է գրել այնպիսի մայր օրենք, ըստ որի՝ խորհրդարանը գրպանում ունեցող անձը կարող է վերանայել ու վերաձևել իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի գործունեության կարգը, խաղալիքի վերածել պետական կառավարման մարմինները։

Մի խոսքով, 201րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած պահի կարող է սահմանադրորեն խաղի կանոն փոխվել։ Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է ապրել ոչ թե Սահմանադրությամբ, այլ «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ունեցող սուլթանի հրովարտակներով։ Այդ սուլթանի դերում նա համեստաբար իրեն է տեսնում, ընդ որում՝ ցմահ։

Նրանք, ովքեր կհամակերպվեն այս ամենի հետ, Աստված իրենց հետ։ Իսկ նրանք, ովքեր դեմ են Հայաստանը սերժաստանի վերածելուն, պետք է ամեն ինչ անեն «սահմանադրական» հեղաշրջմանը և Սերժ Սարգսյանին «ոչ»–ով ճանապարհ դնելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը