Մեկնաբանություն

07.08.2015 11:20


Քաղաքական զսպվածության առանձնահատկությունները

Քաղաքական զսպվածության առանձնահատկությունները

Գագիկ Հարությունյանին, այդուհանդերձ, կհաջողվի մտնել պատմության մեջ։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ նա նստել է «ՆԷՊ»–ի ժամանակ, «Կերենսկու» և այլոց օրոք։ Եվ ոչ էլ այն պատճառով, որ մշտապես դակել է բոլոր անօրինական ընտրությունները՝ ծառայելով օրվա իշխանությանը։

ՍԴ նախագահ աշխատող այդ մարդը պատմության մեջ կմտնի շատ «լիրիկական» թեմայով։ Բանն այն է, որ նրա գլխավորած հանձնաժողովին է պատկանում «քաղաքական զսպվածություն» հասկացության «սահմանադրականացումը»։ Ճիշտ է, նրանք պատվեր են կատարել, և «քաղաքական զսպվածության» պահով հեղինակային իրավունքն իրենցը չէ, բայց, ամեն դեպքում։

«Սահմանադրական» հեղաշրջման տեքստում առկա քաղաքական զսպվածության կոչերը պարզապես զվարճալի են՝ քաղաքականությունը չքաղաքականացնելու պես։

Նախ՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «քաղաքական զսպվածություն»։ Ո՞վ է որոշելու, թե արդյոք այս կամ այն չինովնիկն իրեն զո՞ւսպ է պահում, թե՞ ոչ։ Զսպվածության ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանվելու։ Եթե հանկարծ մեկն իրեն քաղաքականապես զուսպ չպահի, ապա ի՞նչ է հաջորդելու դրան։ Խորհրդարանական կայուն մեծամասնությունն ուտելո՞ւ է անզուսպ պաշտոնյային, թե՞ թողնելու է, որպեսզի նա իր «մահով» մահանա։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա քաղաքական զսպվածության հարցը վաղուց էր հասունացել։ Եվ ինչո՞ւ միայն զսպվածության։ Հասունացած է հեզության, խոնարհության, համեստության և համավորության պահը։

Չինովնիկները պետք է հասկանան, որ զուսպ լինելն օգտակար է իրենց առողջությանը և սննդակարգին՝ «Կլինես քաղաքականապես զուսպ՝ կմնաս իշխանական բուրգում, ու կշարունակես կալորիաներ ստանալ լափամանից» թեմայով։

Դե, իսկ էշի պես հնազանդ, բանող եզի պես հեզ ու նոր տուն բերած հարսի պես համավոր լինելն ընդհանրապես դրախտային կյանք կարող է ապահովել անասնաֆերմայում հայտնված պաշտոնյայի համար։

Մի խոսքով, զո՛ւսպ եղեք, գժուկնե՛ր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը