Մեկնաբանություն

10.09.2015 00:05


Ինչ է լինելու դրամի հետ

Ինչ է լինելու դրամի հետ

Պուտինն առաջարկել է ԱՊՀ տարածքում հրաժարվել դոլարից ու եվրոյից և անցնել ազգային դրամների միջոցով վճարային համակարգին։

Ռուսաստանում դեռ չեն հասցրել այդ ամենին ընթացք տալ, բայց պաշտոնական Երևանն արդեն հնչեցրեց իր պիոներական «այո»–ն։

Պարզ է, որ ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքում ազգային արժույթների վճարումները սկզբնական շրջանում կատարվելու են համապատասխան փոխարժեքները հաշվի առնելով ու հիմնականում էներգակիրների մասով, բայց բաց է մնում հետագայի հարցը։

Մնալո՞ւ են արդյոք ազգային արժույթները, թե՞ առնվազն ԵՏՄ–ում անցնելու են ռուբլու կամ որևէ այլ անուն ունեցող միասնական վճարամիջոցի։ Նշանակելո՞ւ է դա արդյոք, որ ազգային դրամատները գործնականում դադարեցնելու են իրենց գործունեությունը, և մեկ կենտրոնից է իրականացվելու դրամավարկային քաղաքականությունը։ Ըստ սահմանման՝ հենց այդպես էլ պետք է լինի, ինչը Հայաստանին պետք չէ և լուրջ մարտահրավեր կլինի մեզ համար։

Այս ամենը, սակայն, խոսակցությունների մակարդակում են։ Չկա կոնկրետություն։ Մեծ է անորոշությունը, քանզի միասնական դրամական միավորը նաև ենթադրում է միասնական տնտեսական տարածք ու միասնական շահեր, ինչն ակնհայտորեն չկա ԵՏՄ–ում, էլ չասած ԱՊՀ–ի մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ դրամին, ապա ժամանակն ու փորձը ցույց են տալիս, որ այն չի դիմանում անգամ դրսի թեթև քամիներին, էլ ուր մնաց, թե լուրջ փորձությունների ժամանակ իրեն հուսալի պահի։ Հինգ րոպեում փոխարժեքի այնպիսի տատունումներ կարող են լինել, որ պարզապես ամեն ինչ շատ արագ կգնա փլուզման։ Մենք դա տեսանք դեկտեմբերին, ու նաև վերջերս՝ «սև երկուշաբթիի» ժամանակ։

Այլ կերպ ասած՝ դրամը տեստը չի հանձնում։ Պատահական չէ, որ դրամով ավանդների տոկոսադրույքները մոտ 15-18 տոկոս են կազմում, իսկ դա նշանակում է, որ մասնավոր բանկերն այնքան չեն վստահում դրամին ու այնքան ինֆլյացիոն սպասումներ ունեն, որ պատրաստ են տարեկան այդպիսի բարձր տոկոսադրույքներով բնակչությունից փող հավաքել։ Ինքնին հասկանալի է, որ վարկի տոկոսադրույքներն այդ պայմաններում, պատկերավոր ասած, հասել են մինչև երկինք, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում ներդրումային միջավայրի առումով։

Եթե սրան ավելացնենք նաև մեր տնտեսության վատ վիճակը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Իսկ թե ինչ է պետք անել, այնքան է ասվել ու գրվել, որ կրկնելու իմաստ չկա։ Մանավանդ որ գործող իշխանությունները դրական փոփոխություններ ապահովելու համար ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն ունեն։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը