Մեկնաբանություն

17.09.2015 19:45


Ինչը և ինչու է ուզում փոխել Սերժ Սարգսյանը

Ինչը և ինչու է ուզում փոխել Սերժ Սարգսյանը

Սահմանադրական փոփոխությունների թեմայով թամաշան տեղափոխվել է խորհրդարան։

ՀՀԿ–ականները, բնականաբար, «դոշ են տալիս» նոր Սահմանադրության համար (նրանք բոլոր Սահմանադրությունների համար էլ «դոշ են տվել»)։

Ուշագրավն այն է, որ ասպարեզում չի երևում այս թամաշայի և «սահմանադրական» հեղաշրջման թիվ մեկ և միակ պատվիրատուն՝ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ ղեկավարը քիչ է խոսել այս թեմայով։ Իսկ ինչքան էլ որ խոսել է, դեմ է արտահայտվել պետական կառավարման մոդելի փոփոխությանն ու սահմանադրափոխությանը։ Բայց քանի որ հոգով–սրտով ազատամիտ է, հանդուրժող ու խիստ արևմտամետ, ուստի ստիպված ընդառաջ է գնացել բոլոր իշխանությունների «փալան» Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկած փաստաթղթին ու ամեն գնով ուզում է անցկացնել այն։

Շատ է խոսվել այն մասին, թե ինչու է գործող Սահմանադրությունն ուզում փոխել Սերժ Սարգսյանը, և հատկապես ինչն է փոխում։ Եթե փորձենք փնտրել այդ հարցերի կարճ պատասխանը, ապա այն կգտնենք Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Այնտեղ կա հետևյալ ձևակերպումը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»։ –Ասել է թե՝ Սարգսյանը վախենում է հաջորդ նախագահից՝ ով էլ որ նա լինի։

Այո՛, Սերժ Սարգսյանը նախաձեռնել է նոր Սահմանադրության ներդրման գործընթացը ոչ թե պետական կառավարման մոդելը բարեփոխելու, ոչ թե իրավահարաբերությունները մարդակենտրոն դարձնելու, ոչ թե ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու, ոչ թե ժողովրդավարությունը խորացնելու և տնտեսական խնդիրները լուծելու (թվարկված բոլոր կետերը «սահմանադրական» հեղաշրջումը գովերգող դեմագոգների «հիմնավորումներից» են) համար, այլ սեփական վախերից ու մտահոգություններից ելնելով։

Այդ վախերն ու մտահոգություններնն են, որ նրան ստիպում են պարզապես վերացնել ընտրովի նախագահի ինստիտուտն ու ներդնել նոր համակարգ, որը քաոտիկ է իր բնույթով ու կարող է պետության փլուզման պատճառ դառնալ, բայց դա Սարգսյանին ամենավերջինն է հետաքրքրում. «Վերջի բոլշևիկի» համար կարևորը սեփական խնդիրներն են։

Նախագահի ընտրովի ինստիտուտը վերացվում է, որովհետև՝

1. ՀՀԿ ղեկավարը վստահ չէ, որ կարող է մարսել նախագահի երրորդ ժամկետին գնալու ծրագիրը։ Եթե վստահ լիներ, որ կարող է «խփել»՝ որքան ուզում է, ապա գործող Սահմանադրությունից ընդամենը կհաներ 50–րդ հոդվածի խոչընոդտն ու խուճուճ ծրագրերի հետևից չէր ընկնի։

2013–ի նախագահական «ֆեյք» ընտրությունները ցույց տվեցին, որ Սարգսյանի վարկանիշն այնքան ցածր է, որ նա պարտվում է անգամ «էպոսագետին»։ Այս իրողությունն իր աչքի առաջ ունենալով՝ Սարգսյանը ռիսկ չի անում երրորդ անգամ փորձել, թեև առերևույթ կարողացել է սեփականաշնորհել «քաղաքական գործիչ» կոչվածների մեծ մասին, հաճախորդացնել լրատվական դաշտի 99 տոկոսին ու գեղամյանացնել «քաղաքացիականներից» շատերին։ Նա շատ լավ գիտի, որ այդ ամենն իրականում զրոյական արժեք ունի, և իրական մրցապայքարի դեպքում ինքը կպարտվի ցանկացած լուրջ գործչի։

2. Սերժ Սարգսյանն իր փորձով գիտի, որ եթե նույնիսկ իր ամենամտերիմ մարդուն էլ կարգի քաղաքական ժառանգորդի դերում ու նստեցնի նախագահի աթոռին, միևնույն է, լավագույն դեպքում հայտնվելու է խաղից դուրս վիճակում։ Բացի այդ՝ Սարգսյանն այնպես է կառավարել ու այնպիսի բացասական արդյունքներ ապահովել, որ ով էլ լինի հաջորդ նախագահը՝ չի կարող չանդրադառնալ այդ ամենին, իսկ անդրադառնալիս էլ չի կարող օրենսդրական ընթացք չտալ։ Այնպես որ, «Սերժը գործող Սահմանադրությամբ էլ կարող է այլ պաշտոն զբաղեցնելով վերարտադրվել» նիկոլփաշինյանական փաստարկները պարզապես սերժամետությունը թաքցնելու փորձեր են։ Եթե կարողանար, ապա կվերարտադրվեր։ Էլ ինչ՞ու էր ընկնում սարեր ու ձորեր և գնում անգամ ի՛ր համար մշուշոտ ճանապարհով։

3. Եթե մի պահ ենթադրենք, որ Սարգսյանն ունի քաղաքական ժառանգորդ, և ուզում է նրան փոխանցել աթոռը, ապա նա համոզված չէ, որ կարող է դա անել, քանզի իշխանական բուրգն այժմ միայն արտաքուստ է մոնոլիտ թվում, իսկ իրականում հազար ու մի թևի է բաժանված։ Եթե Սարգսյանը որևէ մեկին նշանակի իր ժառանգորդ, ապա մյուս «ժառանգորդացուները» դուրս կգան այդ ժառանգորդի դեմ ու թույլ չեն տա նրա հաղթանակը։ Իշխանական բուրգը ներսից այնքան է բզկտված, և ներքին անտոգոնիզմն այնքան է սրված, որ ցանկացած պահի կարող է պայթել։ Այս պահին միայն Սարգսյանի առկայությունն է պահպանում «ստատուս քվոն»։ Եթե նա պաշտոնապես հեռացող նախագահի կարգավիճակ ստանա, ապա ներիշխանական գզվռտոցը դուրս կգա ջրի երես։ ՀՀԿ ղեկավարն այդ ամենը շատ լավ հասկանում է։

4. Սարգսյանը վախենում է, որ նախագահի ինստիտուտի պահպանման դեպքում կարող է կրկին նախագահ դառնալ Ռոբերտ Քոչարյանը։ Տվյալ դեպքում արդեն էական չէ, թե ինչքանով են երկրորդ նախագահի հնարավորությունները թույլ տալու նրան նախագահ դառնալ։ Էականն այն է, որ այդ հնարավորությունները, ինչ–ինչ հանգամանքներից ելնելով, բարձր է գնահատում Սերժ Սարգսյանը և սարսափում դրանից։ Իսկ թե ինչու է սարսափում, միայն ինքը կիմանա։ Նաև՝ Քոչարյանը։ Ըստ երևույթին՝ Քոչարյանը Սերժի արածների մասով ամենատեղեկացվածն է, ու այդ մասին վերջինս շատ լավ գիտի։

Ահա սրանք են այն հիմնական թաքնված ու չարտասանվող մոտիվները, որոնք ստիպում են Սերժ Սարգսյանին գնալ «սահմանադրական» հեղաշրջման։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը