Լրահոս

27.09.2010 13:08


Լևոն Չուգասզյանը խորհուրդ է տվել Կառավարությանը տեղափոխել Արմեն Աշոտյանին

Լևոն Չուգասզյանը խորհուրդ է տվել Կառավարությանը տեղափոխել Արմեն Աշոտյանին

ՀՀ Ազգային ժողովում «Լեզվի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը խոսք վերցնելով նշել է, որ երբ երիտասարդը 17 տարեկանից հետո սովորում է օտար լեզուներ, նա յուրաքանչյուր օտար լեզու թարգմանում է իր մայրենի լեզվով, որը հղկվում և բյուրեղանում է:

-Մենք Ձեր երկարաշունչ և մանվածապատ ելույթները երբ լսում ենք հաճախ հեռուստատեսությամբ, այն տպավորությունը չենք ստանում, որ դուք օտար լեզուներ գիտեք, Ձեր խոսքը հստակ և տրամաբանված չէ: Բացի դրանից դուք բազմաթիվ օտարաբանություններ եք գործածում, որոնց համարժեքները կան հայերենում և դա կասկած չի թողնում, որ դուք բավականաչափ գրագետ չեք տիրապետում հայերենին: Եթե Դուք հայերենին պատշաճ մակարդակով չեք տիրապետում և օտար լեզուներ չգիտեք, ինչպես կարող եք դուք տնօրինել հայեցի կրթության հարցերը, խնդիրները, իմանալ մարտահրավերներն ու ակնկալվող վտանգները և առհասարակ, ինչպես կարող եք Դուք կրթության և գիտության հարցերով զբաղվել: Եթե երեխան լսում է հեռուստատեսությամբ Ձեր ելույթը, ուրեմն նա այն տպավորությունն է ստանում, որ կարելի է նախարար դառնալ հայերենը վատ իմանալով և ինչու պետք է այդ երեխան հայերենը լավ սովորի: Ի վերջո, ես առաջարկ եմ անում կառավարությանը Ձեզ փոխադրել այնպիսի մի աշխատանքի, որը համապատասխանում է Ձեր կարողություններին,- ասել է Լ. Չուգասզյանը:

Արձագանքելով այդ ելույթին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ինքը պետք է հիշի, որ բժիշկ է եղել և Լևոն Չուգասզյանին պետք է տա իր առողջական նկարագիրը, սակայն զերծ կմնա, քանի որ ԱԺ դահլիճում նկարագրեր տալու հավակնություն չունի:

-Ի տարբերություն Ձեզ՝ ինքնագովեստով չեմ զբաղվելու և չեմ թվարկելու թե ինչ կրթական ցենզեր ունեմ և այլ ինչ կրթական ծրագրեր եմ յուրացրել: Փառք տիրոջը, գոնե հասարակական այն հատվածը կամ լրատվական, որ ինձ հետ աշխատել և շփվել է դրա մասին շատ լավ գիտի: Հարցադրում օրենքի հետ կապված Ձեր հարցադրման մեջ չտեսա, բայց կարող եմ ասել, որ գուցե վարչապետին կամ երկրի նախագահին գրեք ավելի լավ է,- ասել է Արմեն Աշոտյանը:

«7օր»-ի հարցին ի պատասխան էլ  Արմեն Աշոտյանը հավելել է.

-Ես չեմ որոշել, որ ես պետք է աշխատեմ կրթության և գիտության նախարար և ես չեմ որոշում, որ ես չպետք է աշխատեմ ԿԳ նախարար: Եթե ոմանց թվում է, որ սա ճանապարհ է, որը մեղրապատ է և աշխատանքն ընդամենը բերկրանք է, ապա խիստ սխալվում են, ինչպես շատ այլ դեպքերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը