Քաղաքական

29.09.2015 14:20


ՌԴ դեսպանն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումը

ՌԴ դեսպանն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. նոր լարումն անթույալտրելի է: «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ը հայտնում է, որ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն: Իհարկե, շատ տխուր փաստ է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ: Ես անկեղծ հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության նոր էսկալացիա չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. նրա միակ լուծումը պետք է լինի միայն բանակցային սեղանի շուրջ: Ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- այս մասին հայտնեց նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այն կոչին, որով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվում ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը՝ Իվան Վոլինկինը նշեց հետևյալը. «Այդ մեխանիզմի գործարկումն անհնար է առանց երկու կողմերի համաձայնության, և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Անշուշտ, սահմանային դեպքերի հետաքննության մեխանիզմի կիրառությունն անհրաժեշտ է, բայց դրանից առաջ նաև պետք է բարձրացնել փոխադարձ վստահության մեխանիզմները»:

Մանրամասները՝ «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը