Աշխարհ

13.10.2015 09:55


Պատերազմ ուրիշի ձեռքով. ԱՄՆ–ը զենք է «նվիրել» ահաբեկիչներին (տեսանյութ)

Պատերազմ ուրիշի ձեռքով. ԱՄՆ–ը զենք է «նվիրել» ահաբեկիչներին (տեսանյութ)

Գաղտնի ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հակատանկային համալիրներով է զինում Բաշար Ասադի հակառակորդներին։ Այդ մասին ուշագրավ մանրամասներ է ներկայացրել «The Washington Post» պարբերականը։

Մինչ այդ ևս մեկ աղմկահարույց բացահայտում էր եղել. պարզվել է, որ ԱՄՆ–ը նաև մեքենաներ է մատակարարել Սիրիական ազատ բանակին՝ իբրև մարդասիրական օգնություն։

Թերթի տվյալներով՝ մատակարարումներն ընթանում են արդեն 2 տարի։ Խոսքը բավական արդյունավետ զինատեսակի մասին է՝ BGM-71 TOW հակատանկային համալիրի, որն ահաբեկիչներն անվանում են «Ասադի սանձիչ». սիրիացի նախագահի ազգանունը թարգմանվում է «առյուծ»։

Հրթիռները մատակարարվել են հիմնականում Սաուդյան Արաբիայում գտնվող պահուստներից, որոնք թուրքական սահման են հասցվել ԱՄՆ ԿՀՎ դրոշմակնիքով։

«Դրանք Օբամայի վարչակազմի կողմից նախատեսված էին մեկ այլ նպատակի՝ Ասադի՝ իշխանությունից ինքնակամ հրաժարվելու համար»,–նշել են ԱՄՆ–ից։

Քարթերի կենտրոնի տվյալներով՝ հակատանկային համալիրներ է ստացել 23 խմբավորում, որոնք Սիրիական ազատ բանակի, այսպես կոչված, Հարավային ճակատում էին։ Հայտնի է, որ համալիրներից երկուսը հայտնվել էր «Ջեբհաթ ան–Նուսրայի» մոտ. այդպիսով դրանք ուղղվել են ոչ թե «Իսլամական պետության» դեմ պայքարին, այլ Ասադի ռեժիմի տապալմանը։ Այս ամենի համապատկերին Պենտագոնի մեկ այլ՝ չափավոր ընդդիմության պատրաստության ծրագիրը՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով, տապալված համարվեց։

Արդարանալով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ քանի դեռ Ասադը պաշտոնավարում է, անհնար է ԻՊ դեմ խմբեր պատրաստել։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչներն արդեն զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու խնդրանքով Վաշինգտոնին են դիմել՝ ռուսական ինքնաթիռները պայթեցնելու նպատակով։ Հաշվի առնելով, որ Սիրիայում նաև ամերիկյան ինքնաթիռներ կան՝ Սպիտակ տնից մերժել են։

«ԱՄՆ–ը չի պատրաստվում պատերազմ սկսել ՌԴ դեմ ուրիշի ձեռքով»,–հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը՝ մեջբերելով Օբամայի խոսքերը։

Սակայն հակատանկային համալիրների մատակարարումը շարունակվում է։ Սաուդյան Արաբիան, որը 2 տարի առաջ մոտ 14 հազ հակատանկային հրթիռ է գնել ԱՄՆ–ից, բացել է իր զինապահեստը Ասադի հակառակորդների առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը