Մեկնաբանություն

15.10.2015 10:50


Արա Աբրահամյանի երկրորդ փորձը

Արա Աբրահամյանի երկրորդ փորձը

Եվ այսպես, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ պաշտոնապես հաստատեց այն տեղեկությունները, որ պատրաստվում է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։

Ըստ նրա՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ ստեղծել նոր կուսակցություն, կա՛մ աջակցել կուսակցություններից որևէ մեկին։ Մոտակա նպատակը գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։

Թե վերջնական ինչ որոշման նա կհանգի, պարզ կդառնա 2016–ի գարնանը։

Հիշեցնենք, որ սա Արա Աբրահամյանի երկրորդ փորձն է։ Առաջին անգամ նա ԱԺ ընտրություններին անուղղակիորեն մասնակցել է 2003ին՝ ՀՌԱԿ կուսակցության միջոցով։ Այն ժամանակ ՀՌԱԿ–ին մի քիչ էր մնում, որպեսզի հաղթահարեր անցողիկ շեմը, սակայն «մի քիչը» հաշիվ չէր, և Աբրահամյանի առաջին փորձն անհաջող ստացվեց։ Թե ինչ կլինի այս անգամ, կերևա 2017–ին։

Նկատենք, որ հիմա, 2003–ի համեմատ, լրիվ այլ իրավիճակ է։ Կա Սերժ Սարգսյան, ով ձախողվել է բոլոր ոլորտներում, մինչդեռ 12 տարի առաջ ճիշտ հակառակ պատկերն էր։ Ինչևէ։

Դատելով «անկախ» մամուլի նյարդային արձագանքներից, Բաղրամյան 26–ին կցված հաստիքային ստատուսագիրների սինքրոն աշխատանքից և որոշ դեմքերի հիստերիկ պահվածքից՝ Սերժ Սարգսյանին դուր չի գալիս Արա Աբրահամյանի նախաձեռնությունը։ Ճիշտ է, վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ ղեկավարի հետ քննարկել է իր քաղաքական դաշտ մտնելու հարցը, և Սարգսյանը դեմ չէ, բայց դե, դա ոչինչ չի նշանակում։

Սարգսյանը գնում է «սահմանադրական» հեղաշրջման՝ ակնհայտորեն նպատակ ունենալով ՀՀԿ–ի «ֆուտլյարով» միահեծան իշխանություն ձևավորել։ Ասել է թե՝ հարակից այլ կուսակցություններ ստեղծելու կարիք նա չունի (Սերժը դեռ չգիտի, թե ինչպես է բավարարելու մյուս «ուտող բերանների» ախորժակը և ինչպես է «քցելու» դրանց, էլ ուր մնաց, թե նոր կուսակցություն ստեղծելու մասին մտածի)։ Այսինքն՝ Արա Աբրահամյանի մտածածը նախագահական նստավայրի նախագիծը չէ, և չի մտնում Սերժի պլանների մեջ։

Թե ինչ նախագիծ է ուզում իրականացնել Արա Աբրահամյանը, կխոսենք մեկ այլ անգամ։ Միայն նշենք, որ նա երկու «ֆիշկա» ունի, որն էլ դարձել է ոմանց հիստերիկության պատճառ։ ՌՀՄ նախագահն ունի փող և իրեն դիրքավորում է որպես «Պուտինից «դաբրո» ունեցող և Պուտինի հետ ուղղակիորեն շփվող մարդ»։ Իսկ դա չի կարող հունից չհանել անձամբ Սերժ Սարգսյանին ու նրա «քաղաքացիական» շրջապատին։

Աբրահամյանն, անշո՛ւշտ, ունի թույլ կողմեր, բայց դե, փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության և նրա մերձավոր շրջապատի գիշատչական գործունեության համապատկերին ցանկացած մարդ կարող է հանրությունից աջակցություն ստանալ։ Հատկապես որ այժմ քաղաքական դաշտում անապատ է, իսկ «քաղաքական» կոչված գործիչների ճնշող մեծամասնությունը «պուտանկեքից» ոչ մի բանով չի տարբերվում։

Ինչքան էլ Սերժ Սարգսյանին բացահայտ կամ թաքուն սատարողները գրեն, թե Արան «դերևյաննի պարեն» է, միևնույն է, նա, Սերժի համեմատ, ակադեմիկոս կարող է ընկալվել։ Ու եթե դրան գումարենք նաև այն, որ ՌՀՄ նախագահը Հայաստանում թալան չի արել, ընտրություններ չի կեղծել, այլոց բիզնեսներին «սաշիկավարի» փայ չի մտել, ապա ձեռառնոցիները դառնում են անիմաստ։ Ասելս այն է, որ Արան, իհարկե, «ֆիլոս» չէ, բայց ո՞ւմ հետ ենք նրան համեմատում։ Սերժի՞։ Այդ դեպքում նա փիլիսոփա է ու դեռ մի բան էլ ավելի։

Հայաստանի քաղաքական դաշտն այնպես է ավերել ՀՀԿ ղեկավարը, որ ստանում է համապատասխան մրցակիցներ։ Եվ ուրեմն, զարմանալ ու զայրանալ պետք չէ, որ դրսից մարդիկ են մտնում մեր քաղաքական դաշտ։

Սերժը, հանուն իր աթոռի պահպանման, «պռախադնոյ դվոռ» սարքեց մեր երկիրն իր «նախաձեռնողական» քաղաքականությամբ, և հետևանքներն այս կամ այն ձևով անընդհատ ի հայտ են գալիս։

Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի դեմ արշավով խնդիր ուներ փակել իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող և քաղաքական նպատակներով օգտագործվող փողը։ Այս տարվա փետրվարին դա ստացվեց։

«Վերջի բոլշևիկը» փակեց ներսի աղբյուրը և դրանից հետո ֆոտոսեսիայի ենթարկեց ոմանց՝ մտածելով, որ այդպիսով մոտենում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իր վաղեմի երազանքին։ Բայց, արի ու տես, որ հիմա կարող է փողի աղբյուր բացվել դրսից, այն էլ՝ Պուտինի «դաբրոյի» քողի տակ։ Բա ո՞նց այսքանից հետո հանգիստ քնի Սերժ Սարգսյանը։

«Դաբրոների» քարոզ տարած սերժսարգսյանական թիմը հիմա մնում է իր իսկ կիրառած «պրյոմի» տակ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը