Քաղաքական

15.10.2015 15:13


ՄԻԵԴ-ի վճիռը հօգուտ Փերինչեքի է

ՄԻԵԴ-ի վճիռը հօգուտ Փերինչեքի է

Քիչ առաջ Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը։ Դատարանը որոշել է, որ Շվեյցարիան խախտել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հայաստանն այս գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ: Փաստաբանական թիմի կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել էր 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային կեղծիք»:

2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք էր ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել էր, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել էր շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չէր հասել:

Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել էր, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը