Աշխարհ

19.10.2015 09:58


Ինչպես են Ասադի զինվորները լայնածավալ հարձակում իրականացրել (տեսանյութ)

Ինչպես են Ասադի զինվորները լայնածավալ հարձակում իրականացրել (տեսանյութ)

Սիրիական կառավարական բանակը լայնածավալ հարձակում է սկսել Դամասկոսի ուղղությամբ։ Ինչպես գրում է «vesti.ru»–ն, նման ծավալի գրոհ չէր եղել տարիներ ի վեր. այն հաջորդել է ռուսական ինքնաթիռների կողմից ահաբեկիչների հրամանատարական կետերին և ամրակետերին հասցված ավիահարվածներին։

Դամասկոսի ծայրագավառում՝ Ջոբարում, սիրիական բանակը հրետանային նախապատրաստություն է անցկացնում։ Հրետանային կենտրոնացված հարվածից հետո առաջ է շարժվել զրահատեխնիկան։ Զինյալներն այստեղ չեն կարող հակատանկային համալիրներ օգտագործել, բայց հրասայլերին հարվածում են նռնականետերից։

Իրար պատսպարելով՝ հրասայլերից զինվորականները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են գրոհայինների դիրքերը։ Իսլամիստներն անողոք դիմադրություն են ցուցաբերում։ Ջոբարում ցանկացած տուն, կարելի է ասել, ահաբեկիչների լավ ամրացված դիրք է։

Սիրիական բանակի գրոհող ստորաբաժանումները կես կմ առաջ են գնացել, զինյալները պաշտպանում են ստորգետնյա հաղորդակցության ուղիները։ Մի քանի տարվա ընթացքում նրանք այստեղ ստրոգետնյա իսկական քաղաք են կառուցել։ Ահաբեկիչների ստորգետնյա թունելները հարյուրավոր մետրեր են ձգվում։ Այստեղ նրանք պաշտպանվում են ավիացիայի հարվածներից և հրետանային կրակից։

Դամասկոսի արվարձան Ջոբարի համար կռիվներն ընթանում են ինչպես գետնի վրա, այնպես էլ գետնի տակ։

«Մուտքեր կան անգամ 15 մետր խորությունից»,–ասել է Սիրիայի ԶՈւ գնդապետ Ռամազ Սուլթանը։

Թունելներում պահակախմբեր են տեղակայվում, որտեղ ամեն օր հերթապահում է զինյալներից մեկը։ Դրանց օգնությամբ ահաբեկիչները մի ականանետային դիրքից մյուսն են առաջանում։ Ծայրահեղականները հիմնականում ականանետերից են կրակում, ընդ որում՝ ոչ ճշգրիտ. ռազմամթերքի մեծ մասը պայթում է Դամասկոսի բնակելի թաղամասերում։

Սիրիական բանակի ստորաբաժանումները ծրագրում են ազատագրել ողջ Արևելյան Գութան։ Կառավարական ուժերը 10 օրվա ընթացքում զգալի հաջողությունների են հասել. Լաթաքիայի հյուսիսում նրանք աշխարհազորայինների հետ ազատագրել են Այն–Սամուր, Ջուբբ–էլ–Ահմար, Էլ–Մանսուր բնակավայրերը և դուրս եկել Սալմայի հարավային ծայրամաս։ Այս քաղաքն ահաբեկիչների համար ռազմավարական նշանակություն ունի։

Հալեպի շրջանում սիրիական բանակի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել Քվայրես օդանավակայանի ուղղությամբ։ Կառավարական զորքերն արդեն ազատագրել են Մուսլիմիան և Քաֆեր–Թումայի մեծ մասը։ Հրամանատարության նպատակն է Հալեպից մոտենալ Իդլիբին և պաշարել ահաբեկիչներին այնտեղ։ Իսլամիստներն արդեն շրջափակվել են Թան–Թուման, Քուդեհի և Աբթին բնակավայրերում և հասել Շգայդլա։

Համա գավառում շարունակվում են հարձակողական գործողությունները։ Մի քանի օրվա ընթացքում մոտոհրաձգային գումարտակները, ավիացիայի և հրետանու աջակցությամբ, վերահսկողության տակ են վերցրել տասնյակ բնակավայրեր։ Ռազմական գործողություններն արդեն Իդլիբում են ընթանում։

Սիրիացի զինվորները գրոհում են նաև Հոմսում՝ փորձելով շրջափակումից հանել Հոմս–Համա մայրուղին։ Չնայած այն դեռևս պահում են իսլամիստները, սակայն կառավարական ուժերն ազատագրել են Հալդիան և պաշարել Դար–էլ–Քեբիրա, Թեյր–Մաալա, Էլ–Գանթո, Սոմ–Ալի, Ջիվալիք, Սնեյսել բնակավայրերը՝ իսլամիստներին ստիպելով պաշտպանվել բոլոր ճակատներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը