Մեկնաբանություն

20.10.2015 10:21


Խորհրդարանական կառավարման հայկական փորձը

Խորհրդարանական կառավարման հայկական փորձը

Պետական կառավարման լավագույն մոդել չկա։ Այդ մասին շատ է խոսվել։

Նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական կառավարման մոդելների պայմաններում հանդիպում ենք ինչպես զարգացած ժողովրդավարական քաղաքական համակարգով ու մրցակցային տնտեսությամբ առաջադեմ պետությունների, այնպես էլ ավտորիտար ու հետադիմական ռեժիմների։

Խորհրդարանական կառավարման մոդելն ընդունված է համարել ամենաժողովրդավարականը, սակայն կան երկրներ, որոնց պարագայում ճիշտ է այդ տեսակետը, բայց կան նաև երկրներ, որտեղ ֆորմալ առումով խորհրդարանական մոդելն է ընտրվել, սակայն իրականում հաստատված են մեկ անձի դիկտատուրա և անհատի իրավունքների խիստ սահմանափակում։ Օրինակների համար հեռու գնալ պետք չէ. հիշենք ԽՍՀՄ պատմությունը։

Եթե չկան կայացած կուսակցություններ, չկան իշխանությունների ճնշումներից զերծ գտնվող ֆինանսական խմբեր, և չեն ձևավորվել սեփական շահերի համար պայքար մղող ինստիտուցիոնալ կառույցներ, ապա խորհրդարանական կառավարման մոդելը կարող է բերել «հավերժ» ավտորիտարիզմի՝ թուլացնելով պետությունը։

Ֆորմալ առումով խորհրդարանական կառավարման մոդելի հայկական փորձը ցույց է տալիս, որ այն դրական արդյունքներ չի ապահովել։

Առաջին հանրապետությունը խորհրդարանական կառավարման մոդելով էր և ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ։ Պատճառների մեջ խորանալն այս հոդվածի շրջանակներում նպատակահարմար չենք գտնում։ Մենք պարզապես փաստն ենք արձանագրում։

«Խորհրդարանական» կոչված մոդել էր գործում նաև ԽՍՀՄ տարիներին։ Ճիշտ է, դա Հայաստանի համար պսևդոմոդել էր, քանզի մեզանում կար կենտրոնից ածանցված կառավարման համակարգ, և մենք էլ անկախ չէինք, սակայն արժե արձանագրել, որ խորհրդային պառլամենտարիզմն էլ ոչ կենսունակ դուրս եկավ։

ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդարանական կառավարման մոդել էր ընտրված պատերազմող Ղարաբաղում։ Արդյունքները ողբերգական էին. մինչ Ղարաբաղի խորհրդարանում գյալաջիությամբ ու դատարկաբանությամբ էին զբաղված, ճակատում կորուստներ էին արձանագրվում։ Հայկական կողմը կորցրել էր նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը, և դա կարող էր բերել վերջնական պարտության, եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեին։ Միայն խորհրդարանական կառավարման մոդելից փաստացի հրաժարումը և Պետական պաշտպանության կոմիտեի ստեղծումը, այսինքն՝ կիսանախագահական կամ նախագահան տիպի մոդելի ներդրումը հնարավորություն տվեցին շտկել իրավիճակն ու ապահովել մերոնց հաղթանակը ռազմի դաշտում։

Թե ինչ է սպասվում պատերազմող Հայաստանին, եթե ներդրվի խորհրդարանական–«գենսեկական» մոդելը, չենք ուզում ենթադրություններ ու կանխատեսումներ անել։ Կապրենք՝ կտեսնենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը