Աշխարհ

22.10.2015 10:58


«WikiLeaks»–ը փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ տնօրենի էլեկտրոնային նամակագրությունից

«WikiLeaks»–ը փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ տնօրենի էլեկտրոնային նամակագրությունից

«WikiLeaks» պորտալը սկսել է ոչ կառավարական էլեկտրոնային փոստարկղերից մեկից հրապարակել ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանի նամակները։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Պորտալի հավաստիացմամբ՝ Բրեննանը երբեմն այդ օգտահաշիվն օգտագործել է որոշ նախագծերի համար՝ կապված իր հետախուզական գործունեության հետ։

Նախօրեին հրապարակված 6 փաստաթղթերը 2007-2008թթ.–ից են՝ Բարաք Օբամայի նախագահությանը նախորդած ժամանակահատվածից։

Ինչպես նշում է «WikiLeaks»–ը, Բրեննանի ստեղծած «The Analysis Corporation» (TAC) վերլուծական ընկերությունն այդ ժամանակ խորհրդակցում էր նախագահի թեկնածուների հետ անվտանգության հարցերով, և հենց այդ ժամանակ էլ ձևավորվել են Օբամայի վարչակազմի՝ Չինաստանի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի հետ վարվելիք քաղաքականության հիմնական գծերը։

Հրապարակված փաստաթղթերի թվում է նաև անավարտ մի հոդված ԱՄՆ հետախուզական ծառայությունների առաջ ծառացած մարտահրավերների մասին սառը պատերազմից և 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո։ Դրանում Բրեննանը պահանջում է, որ հետախուզական ծառայությունների ինքնավարությունը երբեք չենթարկվի քաղաքական մեքենայությունների։

Եվս մի փաստաթուղթ, գրված Բրեննանի կողմից 2007թ. նոյեմբերին, հանձնարարական է՝ ուղղված ապագա նախագահին, որը վերաբերում է Իրանի հետ վարվող քաղաքականությանը։

«WikiLeaks»–ի հրապարակած նամակներից 2–ը վերաբերում է կալանավորների նկատմամբ կիրառվող տանջանքների արգելված մեթոդներին։ Դրանցից մեկում առաջարկվում է թույլատրելի համարել հարցաքննության ժամանակ բոլոր մեթոդները, 2–րդը փաստաթուղթ–օրինագիծ է, որում թվարկվում են հարցաքննության ժամանակ արգելվող տեխնիկական միջոցները։

Պորտալը հրապարակել է նաև Բրեննանի կենսագրական տվյալները ներառող հարցաթերթը։ 2008թ. ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակից հետո Ջոն Բրեննանը դարձել է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդականը, իսկ 2013–ից տնօրինել ԿՀՎ–ն։

Ավելի վաղ էլ ԶԼՄ–ում տեղեկատվություն էր տարածվել, որ ամերիկացի դպրոցականը կոտրել է Բրեննանի անձնական էլփոստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը