Լրահոս

29.09.2010 17:49


Շ. Թորոսյան. «Վան Բայբուրդը Վրաստանի նախագահների մշտական խորհրդականն է»

Շ. Թորոսյան. «Վան Բայբուրդը Վրաստանի նախագահների մշտական խորհրդականն է»

Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդի հայտարարարություններին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական  միության նախագահ Շիրակ Թորոսյանը «7օր»-ին ասել է.

-Վան Բայբուրդն այդ դերակատարումն, այդ անշնորհակալ գործն է ստանձնել։ Նա մշտական խորհրդականն է Վրաստանի նախագահների, և մի կասկածեք, որ եթե վաղը Սահակաշվիլին փոխվի, նա դարձյալ խորհրդական է մնալու, որովհետև այն անշնորհակալ դերակատարումը, որ ինքն է անում, բացառիկ հատկությունների տեր մարդիկ կարող են ստանձնել։

Շ. Թորոսյանը նաև հավելել է, թե անկախ նրանից՝ ով կամ ովքեր և ինչպես են փորձում կոծկել Վրաստանի հայության և մասնավորապես ջավախահայության առջև ծառացած հիմնախնդիրները, մինևնույն է, այդ խնդիրները չեն վերանում.

-Այդ կոծկումները և այն մարդիկ, ովքեր զբաղված են այդ անշնորհակալ գործով, ավելի մեծ հարված են հասցնում հայ-վրացական հարաբերություններին, և ոչ թե նպաստում են այդ հարաբերությունների զարգացմանը։ Որովհետև եթե առկա խնդիրները կան, և դրանում ոչ ոք չի կասկածում, բնականաբար պետք է վեր հանել այդ խնդիրները և փորձել դրանց լուծում տալ, և ոչ թե թաղել։ Ջայլամի քաղաքականությամբ շատ կարելի է զբաղվել, բայց չէ՞ որ կարելի է շնորհակալ գործով զբաղվել։ Ճիշտ է, այդ մարդն այդ դերակատարումն ունի, դրա համար նա վարձատրվում է, դրա համար նրան վճարում են, բայց միևնույն է, նա արջի ծառայություն է մատուցում թե՛ վրացական իշխանություններին, և թե՛ մեծ վնաս է հասցնում հայ-վրացական հարաբերություններին։ Չի կարելի ուղղակի ծածկել, թաքցնել, կոծկել ակնհայտ փաստերը և եղած փաստերն էլ շարադրել այնպես, թե դրանք վնաս չեն բերում Վրաստանի հայությանը։ Մասնավորապես ես մի դրվագի անդրադառնամ, թե հայերեն ժամերի կրճատումը հայապահպանությանը վնաս չի հասցնում։ Դա մեկնաբանելու կարիք անգամ չեմ տեսնում։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը