Աշխարհ

28.10.2015 10:38


ԱՄՆ–ը մտածում է Սիրիայում ցամաքային գործողությունների անցնելու մասին

ԱՄՆ–ը մտածում է Սիրիայում ցամաքային գործողությունների անցնելու մասին

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ–ը ցամաքային գործողությունների կանցնի Սիրիայում և Իրաքում։ Ավելի վաղ Վաշինգտոնը վստահեցրել էր, որ սիրիական հակամարտությանը խառնվելը կսահմանափակվի միայն օդային հարվածներով։ Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը սկսել է ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերին 2014թ. սեպտեմբերից։

«Մենք չենք խուսափի մեր գործընկերներին ցույց տրվող աջակցությունից՝ գրոհելով «Իսլամական պետության» դիրքերն ավիահարվածներով կամ ինքնուրույն՝ ցամաքային գործողություններով»,– Քարթերի խոսքերն է մեջբերում «NBC»–ն։

Քարթերը հիշեցրել է նախորդ շաբաթ Իրաքի հյուսիսում ԱՄՆ–ի՝ քրդական ուժերի հետ համատեղ գերիներին ազատելու գործողության մասին։

Սենատի առաջ ելույթ ունեցող Քարթերը շեշտել է, որ ամերիկյան ռմբակոծումներն ավելի հաճախակի և հուժկու կդառնան։ Նրա խոսքերով՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում ամերիկյան բանակը կկենտրոնանա Ռաքքայի և Ռամադիի (Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կենտրոնների) վրա։

Քարթերը նաև նշել է, որ ԱՄՆ–ը կշարունակի աջակցել «սիրիական չափավոր ընդդիմությանը», որը Ռաքքայի շրջանում վերջերս որոշ հաջողությունների է հասել ահաբեկիչների դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ, Քարթերը խոստովանել է, որ ԱՄՆ–ի փորձերը՝ սիրիացի չափավոր ապստամբներից ԻՊ դեմ պայքարելու համար նոր զիված ուժեր ձևավորել, տապալվել են։ ԱՄՆ–ի նոր մոտեցումը, ըստ նրա, հետևյալն է՝ աշխատել այն խմբերի ստուգված առաջնորդների հետ, որոնք արդեն կռվում են ահաբեկիչների դեմ, զենք տալ նրանց և պատրաստել՝ աջակցելով նրանց գործողություններին օդից։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը քանիցս քննադատել է Մոսկվային՝ հայտարարելով, որ ռուսական ավիացիան, իբր, պայթեցնում է ոչ թե ահաբեկիչներին, այլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին՝ սիրիական ընդդիմությանը։

Անդրադառնալով ցամաքային գործողությունների անցնելու Պենտագոնի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռևս հստակ հասկանալի չէ, թե ամերիկյան ռազմական գերատեսչությունն ինչ նկատի ունի։

«Դա ծանուցում չէր, ոչ։ Գիտեք՝ դեռ պետք է գլուխ հանել մանրամասներից, թե ինչ էր նկատի առնվում։ Դեռևս հասկանալի չէ»,– «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը