Մեկնաբանություն

29.10.2015 13:00


Երբ անպաշտպան է պաշտպանը

Երբ անպաշտպան է պաշտպանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ԱԺ ամբիոնից շատ լուրջ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ անպաշտպան է՝ թերևս ակնկալելով հանրային աջակցություն։ Բայց դե, հանրությունն այնքան է զրկվել իմունային համակարգից, որ որևէ մեկին, այդ թվում՝ ՄԻՊ–ին պաշտպանելու կարողություն ու ցանկություն չունի։

Խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրված Անդրեասյանը երբ հայտարարում է մենակ մնալու մասին, ապա դա նշանակում է, որ խորհրդարանական նույն այդ մեծամասնությունը պարզապես դակիչ է և ընդամենը կատարում է այլ տեղից եկած հրահանգներ, այլապես մենք Կարենին պաշտպանող մի քանի տասնյակ ելույթների ականատեսը պետք է դառնայինք։

Անդրեասյանն, իհարկե, նոր բան չի բացահայտել։ Բոլորս էլ գիտենք, որ խորհրդարանական մեծամասնությունը, որին ուզում են հետագայում «կայուն մեծամասնություն» սարքել, ոչ մի հարց որոշող չէ։ Նորությունը Մարդու իրավունքների պաշտպանի խոսքում այն էր, որ ինքը հարձակման է ենթարկվում այն շրջանակի կողմից, որի անդամ էր համարվում ինքը։

Թե ինչու է այդպես ստացվել, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Կարեն Անդրեասյանի օրինակով երևում է, թե ինչպիսի բարքեր են տիրում իշխանության նեղ թիմի ներսում։ Երբ հնչում է «ֆաս» հրամանը, ապա սկսում են հարձակվել՝ առանց աչք թարթելու։ Գործում է ոհմակի կանոնը։

Պարզվում է՝ մեր երկրում բոլոր պաշտոնյաներն իրենց տեղում են, և ահա Անդրեասյանն է միայն թերացել իր աշխատանքում։

Այն, որ Մարդու իրավունքների պաշտպանից շատ ավելին էր ակնկալվում, աներկբա է, բայց այնպես չէ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից մինչև մարզպետ ու նախարար լավ են աշխատում, իսկ ահա Անդրեասյանը՝ վատ։ Ճիշտ հակառակը՝ միահեծան այս իշխանության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշակի անցքեր գտել է ու փորձել պաշտպանել հանրային շահը։ Թե ինչքանով է դա ստացվել, թող նույն հանրությունը դատի։ Սակայն միանշանակ է այն, որ դեմագոգիայի ոլորտից է այն ձևակերպումը, թե բոլոր պաշտոնյաների մեջ միայն Անդրեասյանն է վատ իմաստով աչքի ընկել։ Չկա՛ այդպիսի բան։

Եթե հայտարարվում է, որ Կարեն Անդրեասյանն իր գործունեությամբ վարկաբեկել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ապա հարց է առաջանում՝ դատավորներն ովքե՞ր են։ Այդ ինչո՞ւ զուգահեռաբար չի հայտարարվում, որ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի ու մյուսների գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ վարկաբեկվել է պետության գաղափարն ընդհանրապես։ Միայն Անդրեասյա՞նն է իդիլիան փչացնում։

Հարցն այն չէ, որ Անդրեասյանն արժանի չէ քննադատության։ Իհա՛րկե, արժանի է։ Բայց կրկնեմ՝ դատավորներն ովքե՞ր են։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կարեն Անդրեասյանն, անկախ իր կամքից, բացահայտում արեց։ Պարզվեց, որ ՄԻՊ հարցում (միայն ՄԻ՞Պ հարցում) համագործակցության ջերմ մթնոլորտ է ձևավորվել ընդդիմադիր համարվող Գագիկ Ջհանգիրյանի ու ՀՀԿ–ական հայտնի շրջանակների միջև (չհաշված ընդդիմադիր թերթը)։ Խե՞ր լինի։ Այդ համագործակցությունը կոնկրետ Անդրեասյանի՞ պահով է ձևավորվել, թե՞ շուտվանից կար, պարզապես հիմա դրսևորվեց։

Հ.Գ.-2։ Նոր Սահմանադրության նախագծում կա դրույթ, ըստ որի՝ տարատեսակ պաշտոնյաները (այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը) պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն։ Թե ինչ է նշանակում «քաղաքական զսպվածություն», և ինչպես է որոշվելու դրա «դոզան», հայտնի չէ։

Հարց է առաջանում՝ երբ Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը տրորել է ոմանց ոտքերը, և այդ ոտքերը հիմա իր դեմ անբարո պատվեր են իջեցնում, դա քաղաքականապես զո՞ւսպ, թե՞ անզուսպ պահվածք է։

Բա եթե մարդու վրա հարձակվում են, ինքը ուրիշ ի՞նչ պետք է անի՝ պաշտպանվելուց կամ հակահարձակման անցնելուց բացի։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ բոլորը պետք է լինեն քաղաքականապես զուսպ, այսինքն՝ տեղավորվեն «Մեկ օլիգարխի տնտեսության» մոդելի մեջ ու ծառայեն մարդու իրավունքների պաշտպանությանը։ Նկատի ունեն շատ կոնկրետ մարդու։ Բոլորս գիտենք այդ մարդու անունը։

Այս խորագրի վերջին նյութերը