Մեկնաբանություն

02.11.2015 14:18


Էրդողանի երկրորդ փուլը

Էրդողանի երկրորդ փուլը

Հունիսին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները հնարավորություն չտվեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կառավարություն ձևավորել։ Ճիշտ է, նրանք առաջին տեղը գրավեցին, բայց չստացան հսկիչ փաթեթ, ու ստիպված էին լեզու գտնել այլոց հետ։

«Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա չհամաձայնեցին կազմել ինչպես առաջին անգամ խորհրդարան անցած պրոքրդական ուժերը, այնպես էլ մյուս կուսակցությունները։

Էրդողանն ուզում էր ստանալ ձայների կեսից ավելին, որպեսզի հետագայում կարողանար անցկացնել սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է Թուրքիայի նախագահին դարձնեն գերլիազորություններով ֆիգուր։ Հունիսին այդ պլանը չստացվեց, ու Թուրքիայի իշխանություններն ընտրությունների երկրորդ փուլ կազմակերպեցին։

Երեկվա ընտրությունները, որոնք, տարբեր գնահատականներով, անցել են կեղծիքներով ու տարատեսակ քաղաքական մանիպուլյացիաներով, հնարավորություն են տալիս Էրդողանին ու Դավութօղլուին կառավարություն ձևավորել ու սկսել սահմանադրական փոփոխությունների՝ իրենց համար բաղձալի գործընթացը։

Դավութօղլուն արդեն խոսել է նոր Սահմանադրության մասին և կոչ արել քաղաքական ուժերին մասնակցել մայր օրենքի ձևավորմանը։

Թուրքիայի գործող նախագահն ուզում է «սահմանադրական» հեղաշրջում իրականացնել, որպեսզի գերլիազորություններով օժտված նախագահ դառնա ու գերավտորիտար ռեժիմ ձևավորի, սակայն այդ հարցում ինչպես բուն Թուրքիայի ներսում, այնպես էլ Թուրքիայից դուրս կան հզոր ընդդիմախոսներ։ Այնպես որ, դեռ ամեն ինչ առջևում է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը