Աշխարհ

09.11.2015 09:48


Սիրիայի ՌՕՈւ. ահաբեկիչները «Սթինգեր» հրթիռային համալիրներ ունեն

Սիրիայի ՌՕՈւ. ահաբեկիչները «Սթինգեր» հրթիռային համալիրներ ունեն

Սիրիայում կռվող ահաբեկիչները շարժական զենիթահրթիռային համալիրներ ունեն, որոնք կարող են խոցել 4,5 կմ բարձրությամբ նշանակետերը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ռուս լրագրողներին ասել է սիրիական «Համա» ավիաբազայի ներկայացուցիչը։

«Մենք գիտենք, որ զինյալները «Սթինգեր» և այլ համալիրներ ունեն, այդ թվում՝ չինական արտադրության, որոնք հափշտակել են մեր զինվորականներից։ Պետք է խոստովանել, որ դրանց կրակոցներից մենք բավականին շատ ինքնաթիռներ ենք կորցնում»,–ասել է ավիաբազայի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ թռիչքների համար ապահով նվազագույն բարձրությունը 4,5 կմ է։

Սպան նշել է նաև, որ սիրիացի օդաչուներն ահաբեկիչների օբյեկտներին առավել ճշգրիտ հարվածներ հասցնելու համար հաճախ իջնում են վտանգավոր բարձրության, որպեսզի քաղաքացիական ենթակառուցվածքները չտուժեն։ Ավիաբազայի ներկայացուցիչը բերել է սիրիական МиГ-21–ի օրինակը, որը խոցվել է Համայում նոյեմբերի 4–ին։

«Իջնելով վտանգավոր բարձրության՝ ինքնաթիռը խոցվել է ահաբեկիչների զենիթային սարքավորումներից։ Օդաչուն վիրավորվել է։ Վնասվածքների պատճառով նա չի փորձել ինքնանետիչով (կատապուլտ) դուրս նետվել, բացի այդ, նա գտնվում էր ահաբեկիչների տարածքում։ Օդաչուին հաջողվել է հասնել սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այնուամենայնիվ, ինքնաթիռը պայթել է. սիրիացի զինվորականները գտել են նրա բեկորները և օդաչուի դին»։

Սիրիայի կենտրոնում տեղակայված «Համա» ավիաբազան ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Ահաբեկիչները քանիցս փորձել են գրավել այն։ Ընդհանուր առմամբ, Սիրիայում 15 ռազմական օդակայան և ավիաբազա կա, որոնցից 5–ը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։ Եվս մեկ ավիաբազա՝ Սիրիայի արևելքում գտնվող «Դեյր էզ–Զորը», գործում է, բայց արդեն երեք տարի է՝ շրջափակված է ահաբեկիչների կողմից։ Հալեպի «Քվեյրիս» ավիաբազայի շուրջ էլ ներկայումս արյունահեղ մարտեր են ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը