Մեկնաբանություն

09.11.2015 11:05


Բա Բուռնա՞շը

Բա Բուռնա՞շը

Հանրային հեռուստատեսությունը հակահանրային քայլի է գնացել, կամ էլ Հանրայինին ստիպել են գնալ հակահանրային քայլի։

Հանրությունը Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հայտնի ցույցերի ժամանակ շատ կոնկրետ վերաբերմունք ցույց տվեց «կենդանաբանական պատի» անդամ, ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ սիկտիր անելով նրան։

«Աշոտյա՛ն, սիկտի՛ր»–ն այնքան լեգիտիմ ու հանրային հավանության արժանացած կոչ էր, որ անգամ ոստիկանությունն ամեն ինչ արեց, որ Աշոտյանը հեռանա «դեպքի վայրից», քանզի չհեռանալու հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել։

Հիմա այդ նույն Աշոտյանին տարել են Հանրային հեռուստաընկերություն՝ քաղաքական հաղորդում վարելու։ Բ26–ը, փաստորեն, քաղաքական թամաշայի կազմակերպման համար այլ մարդ չի գտել, քան հանրության կողմից սիկտիրի արժանացած Աշոտյանը։

Շատ յուրօրինակ պատկերացումներ կան իշխանությունների մոտ. կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիոներները, սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովը գլխավորում է ՍԴ նախագահը, ով պետք է անաչառ կողմ լինի հանրաքվեի արդյունքների հետ կապված։ Դե, իսկ քաղաքական բանավեճը վարում է ՀՀԿ–ականը, ով հա՛մ խայտառակ հանրային հեղինակություն ունի, հա՛մ չի համապատասխանում այն ձևաչափին, որը ենթադրում է համեմատաբար անկախ դեմք։

Եթե նախագահականում անպայման ուզում են, որ քաղաքական «բանավեճը» ՀՀԿ–ական վարի, ապա թող, օրինակ, Բուռնաշին ուղարկեն։ Սրան գոնե նույն Բաղրամյան փողոցում չէին հայհոյում և սիկտիր չէին անում։ Բուռնաշը գալիս էր Բաղրամյան փողոց, բայց հավաքվածների համար նա ոչ տաք էր, ոչ պաղ։

Այնպես որ, ճիշտը Բուռնաշին քաղաքական հաղորդում վստահելն է։ Կամ՝ թեկուզ Շմայսին։ Սրանց գոնե ժողովուրդը կնայի, կզվարճանա, իսկ Աշոտյանի պարագայում հեռուստադիտողներն անընդհատ դուրս են հանելու սենյակից կանանց ու երեխաներին, որպեսզի կարողանան լիարժեք կերպով արտահայտել իրենց կարծիքը հաղորդման ու դրա վարողի մասին։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Աշոտյանն իր մասին շատ մեծ կարծիքի է (ինչպես բոլոր կիսագրագետ մարդիկ)։ Ասում է՝ ես տարածական մարդ եմ։

Եվ ուրեմն, այդ «տարածականի» հաղորդման հյուրերը պետք է իմանան, որ մասնակից են դառնում մի կապիկության, որի նպատակը «մարդակենտրոն» քաղաքական բանավեճ բեմադրելն է «մարդակենտրոն» Սահմանադրության համար տոկոս «խփելուց» առաջ։

Աշոտյանի հաղորդումը նախագահական նստավայրում տեղի ունեցած ֆոտոսեսիայի շարունակությունն է։ Տարբերությունն այն է, որ հաճախորդներին հիմա առաջարկելու են նաև բլբլալ, մինչդեռ Բ26–ում նրանց վերապահված էր նվաստացուցիչ կեցվածքներով նկարվողի դերը։

«Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանի մասնակցությունն այդ հաղորդմանը կարելի է համարել սխալմունքի հետևանք։ Հետագայում, սակայն, նմանատիպ սխալմունքները պետք է բացառել։

Այս խորագրի վերջին նյութերը