Մեկնաբանություն

13.11.2015 14:40


Արամ Սարգսյանը՝ 5–րդ շարասյան առաջամարտիկ

Արամ Սարգսյանը՝ 5–րդ շարասյան առաջամարտիկ

Արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել այն, որ Սերժ Սարգսյանի համար ցանկալի պահին ու ցանկալի կոնտեքստով ելույթ է ունենում տխրահռչակ Արամ Սարգսյանը։ Բնականաբար՝ Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան «1in.am»–ի եթերում։

Սա այն Արամն է, ով հայտարարեց, թե պատգամավորական մանդատը վայր է դնում, որպեսզի գնա փողոցը գրավի ու կանգնի հանրության կողքին։

Նա մանդատն իրոք վայր դրեց, բայց ոչ թե փողոց դուրս եկավ պայքարելու, այլ հայտնվեց «անկախ» մամուլի տաղավարում՝ գեղամյանություն անելով իշխանության ընդդիմախոսների դեմ։ Նա ըստ անհրաժեշտության խոսում էր Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի, «եռյակի» ու մյուս սուբյեկտների դեմ։ Ամեն մի փուլում նրա առաջադրանքը տարբեր էր, բայց մշտական է Ռոբերտ Քոչարյանի դեմ դհոլություն անելը։ ՀՀ երկրորդ նախագահի մասով նրա մոտ կա հոգեխանգարմունք, և սա այն դեպքն է, երբ նրա համար բիզնեսը համատեղվում է հաճելի զբաղմունքի հետ։

Հիմա նրա խնդիրը սահմանադրական փոփոխությունների իրականացման համար Սերժ Սարգսյանին անուղղակիորեն աջակցելն է (ձեռքի հետ էլ՝ Արա Աբրահամյանի դեմ հանդես գալու պատրաստակամությունը ցույց տալը)։ Ու այդպես էլ անում է։

Դեռ ամիսներ առաջ սա հայտարարում էր, թե իշխանությունները բլեֆ են անում, և չեն գնա սահմանադրական փոփոխությունների։ Հետո, երբ արդեն նոր Սահմանադրության նախագիծը դրվեց շրջանառության մեջ, ու որոշվեց հանրաքվեի օրը, հաճախորդ Արամը հայտարարեց, թե ինքը «ոչ» է քարոզելու և պայքարելու է։ Բայց դե, պարզ էր, որ այս հաճախորդին նրա համար չեն պահում, որ ինքը թեկուզ իմիտացիոն պայքար մղի։

Սրան ուղարկել են «1in.am»–ի եթեր, որպեսզի քարոզի, որ, միևնույն է, Սերժ Սարգսյանն իր ուզած ձևով անցկացնելու է հանրաքվեն, ու, հետևաբար, պայքարի կարիք չկա։

Արամը, իր գավառամտության ու դավաճանական մտածողության կոդերից ելնելով, պայքարի դուրս չգալը հիմնավորում է արտաքին ուժերի աջակցության բացակայությամբ։

Նա ասում է, թե քանի որ դրսի ուժերը դեմ չեն, որ Սահմանադրությունը փոխվի, ուստի հայաստանցիների պայքարը որևէ արդյունք չի կարող տալ։ Նմանատիպ տեսակետ ներկայացնելով՝ Արամը նախ «թունդ ընդդիմադիր» դիրքերից փորձում է դրսի «դաբրոներին» հավատացող զանգվածին փոխանցել, որ Սերժին դուրսը «դաբրո» է տվել։ Եվ, բացի այդ, Արամը, փաստորեն, հայտարարում է, որ ինքը պատրաստ է դրսի ուժերի, մասնավորապես՝ Արևմուտքի համար 5–րդ շարասյուն դառնալ։

Հանրությանն էլ կոչ է անում պայքարի դուրս չգալ, քանզի չկա դրսի աջակցություն։ Ասել է թե՝ փողոց դուրս գալու և հանրությանն իշխանության դեմ մոբիլիզացնելու խոստում տված մարդը հայտարարում է, թե ՀՀ քաղաքացին զրո է, քանի դեռ չկա դրսի աջակցությունը, և ինքը պայքարի դուրս կգա միայն Արևմուտքի աջակցությամբ։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Արամ Սարգսյանը ոչ մի բանով չի տարբերվում Բաքու փախած Վահան Մարտիրոսյանից։ Մանավանդ որ նա բազմիցս հայտարարել է, որ կողմ է Ղարաբաղի հողերը զիջելուն, և պատահական չէ, որ բոլորից ամենաշատն էր ուրախացել Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային» դիվանագիտության առիթով։

Թե ինչպես են վարվում քաղաքակիրթ ու կայացած երկրներում 5–րդ շարասյան հետ, գիտեն բոլորը։ Նույնը սպասվում է նաև Արամին, սակայն նա առայժմ կարող է հանգիստ լինել, քանզի դեռ իշխանության ղեկին է ՀՀԿ ղեկավարը՝ կոմունիստներից երեկ մեդալ ստացած գործիչը և նժդեհական համարվող կուսակցության առաջնորդը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը