Խմբագրական

17.11.2015 12:35


Փարիզյան ահաբեկչության հովանավորները

Փարիզյան ահաբեկչության հովանավորները

Շատ խորհրդանշական էր, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո տեղի ունեցավ աշխարհի հզորների (G20) հավաքը թուրքական Անթալիայում։

Խորհրդանշական էր այդ հավաքն այն առումով, որ տեղի էր ունենում մի երկրում, որը փաստացի ֆինանսավորում և հովանավորում է «Իսլամական պետությանը»: Վերջինս, ինչպես հայտնի է, իր վրա է վերցրել փարիզյան ահաբեկչության (և ոչ միայն փարիզյան) պատասխանատվությունը։

Անթալիայում դեմագոգիայի և փարիսեցիության ցուցահանդես էր։

G20–ի ներկայացուցիչները խոսում էին ԻՊ դեմ պայքարի անհրաժեշտության և ջանքերի համատեղման մասին, սակայն բոլորն էլ գիտեին, որ ահաբեկչական այդ կազմակերպությանը, ինչպես նաև այլ մարդակեր կազմակերպությունների («Ջեբհաթ ան Նուսրա», «Ջեյշ ալ Իսլամ» և այլն), աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, ուղղակիորեն աջակցում են Թուրքիան, Քաթարը և Սաուդյան Արաբիան։

Այսպես կոչված Սիրիական ազատ բանակին, որին Արևմուտքը համարում է չափավոր ընդդիմություն և իր գործընկեր, ուղղակիորեն ֆինանսավորում է ԱՄՆ–ը։ Նախատեսված է, որ այդ ուժը պետք է պայքարի Ասադի ռեժիմի դեմ և չպետք է միանա ահաբեկչական կազմակերպություններին (մասնավորապես, «Ջեբհաթ ան Նուսրային»), սակայն արդյունքները, մեղմ ասած, տխուր են։

Ինչպես ստիպված եղան խոստովանել ամերիկացիները, իրենց ավելի քան կես միլիարդ դոլարի օգնության արդյունքում ստեղծվել է 5 (հինգ !!!) հոգանոց բանակ (փաստորեն, ամերիկամետ ամեն մի սիրիական զինվորը ԱՄՆ հարկատուների վրա «նստել» է 100 միլիոն դոլար), իսկ ամբողջ զենքն ու զինամթերքն անցել է ահաբեկչական կազմակերպություններին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ամերիկյան քաղաքականության կատարյալ ձախողում Սիրիայում (և ոչ միայն Սիրիայում)։

ԱՄՆ–ը Ասադի պահով «բզիկ» ունի, և այդ «բզիկը» շատ կոնկրետ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հիմքեր ունի, սակայն իրականությունն այն է, որ դրանից օգտվում է «Իսլամական պետությունը», և տուժում են միլիոնավոր մարդիկ, որոնք կա՛մ դարձել են այդ «մսաղացի» զոհ, կա՛մ «բոմժեր»՝ լցնելով ԵՄ–ն։ Ամերիկյան իսթեբլիշմենթն ուզում է լավ լինի, բայց ստացվում է հակառակը՝ հզորանում է ԻՊ–ն։ Սա փաստ է։

Մինչև վերջերս Ասադի «բզիկով» էր տառապում նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդը, որը Գերմանիայի կանցլեր Մերկելի ու մյուսների հետ թութակի պես կրկնում էր ամերիկացիների ասածները։

Երեկ, սակայն, Օլանդը Ֆրանսիայի խորհրդարանում ստիպված եղավ ընդունել իր սխալը և հայտարարել, որ իր երկրի թշնամին ոչ թե Ասադի ռեժիմն է, այլ «Իսլամական պետությունը»։ Դա, ըստ էության, Օլանդի մեղայականն էր և ինքնախոստովանական ցուցմունքը, քանզի ինքն էլ է աջակցել Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցողին, որի հետևանքներից էր ուրբաթ 13–ի կոտորածը։

Դե, իսկ Լիբիայում տիրող քաոսի համար Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին է պատասխանատու։ Հիմա երկուսն էլ խելքի են եկել, բայց՝ հետին թվով։

Սեփական քաղաքական էլիտայի կոպիտ սխալների և հիմարությունների համար կյանքով հատուցեց շարքային ֆրանսիացին։

Իսկ ի՞նչ ասեն այն հարյուր հազարավոր սպանվածների հարազատները։

Անթալիայում միայն Պուտինը խոսեց այն մասին, որ «Իսլամական պետությունը» ֆինանսավորվում է G20–ի անդամ հանդիսացող պետությունների կողմից, ինչպես նաև ցույց տվեց նավթով բեռնված շարասյուների նկարներ (միջազգային մամուլը հեղեղված է այն լուրով, որ ԻՊ հետ նավթային բիզնեսով է զբաղված Էրդողանի որդին), սակայն Օբաման ու մյուսները, իրենց հայտնի կենդանու տեղ դրած, կեցվածք էին ընդունել, թե չգիտեն՝ ում մասին է ակնարկում Պուտինը։

Ճիշտ է, հատկապես Փարիզից հետո Արևմուտքը մի քիչ զգաստացել է, սակայն, մեծ հաշվով, չի ուզում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություն փչացնել։ Եվ ուրեմն, աշխարհը չի կարող խաղաղություն ակնկալել, քանզի ԻՊ–ն ու մյուս ահաբեկչական կազմակերպություններն ունեն ֆինանսավորման մշտական աղբյուրներ, իսկ Արևմուտքը ոչ այնքան այդ ահաբեկչական կազմակերպության դեմ է պայքարում, որքան փորձում է վնասել Ռուսաստանին։ Նման պայմաններում Փարիզն ու մյուս քաղաքները, ըստ սահմանման, չեն կարող Հալեպի չվերածվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը