Քաղաքական

18.11.2015 14:58


Վահե Հովհաննիսյան. «Պետք է հրաժարվել սուտ խոստումներից ու լծվել լուրջ աշխատանքի»

Վահե Հովհաննիսյան. «Պետք է հրաժարվել սուտ խոստումներից ու լծվել լուրջ աշխատանքի»

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2016 թվականի բյուջեի նախագիծը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Պատգամավորն ասաց, որ բոլոր խմբակցություններում և Կառավարության մեջ կան մարդիկ, ովքեր խնդիրներին խորապես տիրապետ են ու իսկապես մտահոգ են:
Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ Հովհաննիսյանն ասաց. «Իշխանությունն ասում է, որ սա այսօրվա հնարավորությունների բյուջեն է, իշխանությունից դուրս գտնվողներն ասում են, որ սա վատ բյուջե է և մեր հասարակության պահանջներին ոչ ադեկվատ: Իրականում այս երկու ձևակերպումները ոչ թե իրարամերժ են, այլ փոխլրացնող: Իսկապես, սա իրական մեր հնարավորությունների բյուջեն է և, մյուս կողմից, չի համապատասխանում հասարակության պահանջներին: Պետք է պատասխանել մեկ հարցի՝ իսկ ինչի՞ հաշվին պետք է բյուջեն լիներ ավելի լավը, ի՞նչ է արվել դրա համար. չէ՞ որ բյուջեն տնտեսական քաղաքականության արդյունքն է, տնտեսության վիճակի արդյունքը: Հիշենք, թե քանի տարի շարունակ իշխանությունից դւորս գտնվող մարդիկ ահազանգում էին վարվող տնտեսական քաղաքականության, որոշ դեպքերում՝ կոպիտ սխալների ու սպասվող վտանգների մասին»:

Վահե Հովհաննիսյանի խոսքով` իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ այժմ ցածրաձայն են ահազանգում խնդիրների մասին, բայց շատ լավ պատկերացնում են վիճակը: Պատգամավորն ասաց, որ ինքը հակված չէ քննարկումները մեղավորներ փնտրելու ճանապարհով տանել, որովհետև դա այլևս երկրորդական հարց է. «Էլի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ մի մասը միշտ մեղավոր է համարում Հրանտ Բագրատյանին, մի մասը` երկնիշ տնտեսական աճ ապահոված Ռոբերտ Քոչարյանին, մի մասը` Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանը կա ու կա, նա ամենահեշտ թիրախն է, և հիմա էլ ձևավորվում է նոր թիրախ՝ հանձինս Հովիկ Աբրահամյանի: Թիրախ ընտրելը ճաշակի և պատվերի հարց է, բայց դրանից տնտեսության վիճակը չի փոխվում, խորքային խնդիրները չեն քննարկվում և չեն լուծվում: Մեզ հիմա անհրաժեշտ են լուծումներ, ոչ թե թիրախներ»,-նշեց Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով` կա երկու ոլորտ, որտեղ ոչ մի բուտաֆորիկ պատկերացում, ինքնահանգստացնող միտք արտահայտել չի կարելի: Ըստ Հովհաննիսյանի` դա պետության ազգային անվտանգությունն է և պետության տնտեսությունը, իսկ այս երկու ոլորտներն ուղղակիորեն կապակցված են. «Մենք իրավունք չունենք թույլ տալ տնտեսության հետագա անկումը. դա շատ ծանր է հարվածելու պետության անվտանգությանը: Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք ՀՀ սահմանների պաշտպանության խնդիր, իսկ այս ոլորտում յուրաքանչյուր սխալ տնտեսական քայլ, դանդաղած նախագիծ, մսխված հնարավորություն, անձնական շահը պետական շահից վեր դասելու որոշում հարվածելու է մեր երկրի անվտանգությանը: Ով սա գիտակցում է, անկախ նրանից՝ իշխանության մեջ է, թե ոչ, պետք է համարվի համախոհ, պետք է համալրվեն ուժերը, և պետք է շարժվել առաջ»,-ասաց նա:
Վահե Հովհաննսիյանը նման պայմաններում կարևորեց իշխանություն-հասարակություն երկխոսությունը՝ ասելով, որ նման ցանկացած դիալոգ օգնում է հասարակությանը, շահում է պետութունը:
Նա նաև հիշեցրեց, որ իշխանությունը նման քայլ չի արել. «Փետրվարից մեղմվեց քաղաքական սրությունը: Ի՞նչն էր ձեզ խանագրում, որ հասարակության հետ քննարկեիք և լուծումներ գտնեիք հայտնի 12 կետերի վերաբերյալ: Քաղաքական կուսակցությունները դադարեցին այդ մասին հիշել, բայց հո խնդիրը չվերացա՞վ: Փաստենք, որ դա չարվեց»:
Այս առնչությամբ Հովհաննիսյանն նշեց Հունաստանի օրինակը՝ շեշտելով, ու Հունաստանը ճիշտ ուղու վրա կանգնեց, որովհետև հասարակությունը պետությունից չէր մեկուսացել:
Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ պատգամավորն ասաց, որ ոչ հրապարակային քննարկումների ժամանակ հասարակությունը հարցնում է՝ ե՞րբ է սկսվելու տնտեսական վերելքը, ե՞րբ է կանգնելու արտագաղթը, և ե՞րբ է մարդկանց բարեկեցությունը լավանալու:
Վահե Հովհաննիսյանը դրական գնահատեց այն, որ կառավարությունը հրաժարվել է ուռճացված բյուջե ներկայացնելուց, որովհետև գործարարին խեղդելով՝ բյուջե հավաքելը կտանի փակուղի:
Նա նաև նշեց, որ ՀՀ արտաքին պարտքը ևս անհանգստացնում է ՀՀ բնակչությանը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ռեսուրս կա, պարզապես պետք է մի քանի քայլեր անել. «Պետք է հրաժարվել սուտ խոստումներից, ահազանգել մտահոգությունները, լծվել լուրջ աշխատանքի: Այդ ահազանգը կարող են հնչեցնել իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող մարդիկ, ահազանգել ոչ թե թշնամանքի, այլ մտահոգությունների համար, միաժամանակ, նոր մոտեցումներով, նոր ծրագրերով ու, ինչու չէ, նոր թիմերով աշխատելու համար: Սա պարտավոր ենք անել, որովհետև դրա այլընտրանքը գոյություն չունի»,-եզրափակեց պատգամավորը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը