Լրահոս

20.11.2015 16:55


32-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայողները

32-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայողները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդուն դանակահարելու և ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, ինքնությունը, ովքեր հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ։

2015 թվականի մայիսի 31-ին ահազանգ էր ստացվել, որ գործով տուժող 32-ամյա Գ.Սաղաթելյանը կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառվել Բաշինջաղյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։

Նախնական քննության տվյալներով՝ տուժողը 2015 թվականի փետրվարին տոկոսով պարտքով վերցրել է 400.000 ՀՀ դրամ իր մի ծանոթից, ում հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Շուրջ երկու ամիս անց 330.000 ՀՀ դրամը վերադարձրել է և պարտավորվել մնացած 70.000 ՀՀ դրամ մայր գումարը և 120.000 ՀՀ դրամ տոկոսը վերադարձնել ավելի ուշ՝ 40 օրվա ընթացքում։ Ապա տեղեկանալով, որ ծանոթն իրեն ստել է իրեն տրված պարտքով գումարի աղբյուրի մասին, և իրականում նա իր անձնական գումարներից է պարտքով գումարը տվել՝ Գ.Սաղաթելյանը հայտարարել է, որ տոկոսագումարը չի վերադարձնելու։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տոկոսագումարն ստանալու համար պարտատերը դիմել է Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Մ. Սամսոնյանին և 31-ամյա Գ.Բաղդասարյանին, իսկ Գ.Սաղաթելյանն իր մեկ այլ ծանոթի։ Հանդիպումների արդյունքում, ի վերջո, համաձայնություն է ձեռք բերվել, որ պարտապանը կվերադարձնի տոկոսագումարի միայն մի մասը՝ 50.000 դրամը։ Մայր գումարն ամբողջությամբ և տոկոսագումարի հիմնական մասը վերադարձնելուց հետո կողմերի միջև կրկին տարաձայնություն է առաջացել, թե պարտապանը, ում պետք է վերադարձնի մնացած 20 հազար դրամը։ Պարզաբանման համար կողմերը 2015 թվականի մայիսի 31-ի երեկոյան հանդիպել են Բաշինջաղյան փողոցում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Քննությամբ պարզվել է, որ հանդիպման մասնակիցների հեռանալուց հետո, երբ Գ.Սաղաթելյանը մնացել է մենակ, Գ.Բաղդասարյանն ու Մ.Սամսոնյանը վերադարձել են և բռնություն գործադրել Գ. Սաղաթելյանի նկատմամբ։ Նախնական քննության տվյալներով՝ Մ.Սամսոնյանն իր մոտ գտնվող դանակով 3 անգամ հարվածել է Գ.Սաղաթելյանի ձախ բազկին, որովայնի և կրծքավանդակի հետին պատի մակերեսին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, իսկ Գ.Բաղդասարյանն էլ բռունցքներով շուրջ 4-5 անգամ հարվածներ է հասցրել նրան, ապա նստել են ավտոմեքենան ու հեռացել: Գ.Բաղդասարյանն ու Մ.Սամսոնյանը հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 30-ամյա Մ.Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 31-ամյա Գ.Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը