Հարցազրույց

28.11.2015 12:22


Վահե Հովհաննիսյան. «Իմ տեսակետները միշտ հրապարակային են»

Վահե Հովհաննիսյան. «Իմ տեսակետները միշտ հրապարակային են»
Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ
–Պրն. Հովհաննիսյա՛ն, լրատվամիջոցներից մեկը լուր է հրապարակել, համաձայն որի` Դուք ակտիվորեն ներգրավված եք Արա Աբրահամյանի նոր կուսակցության ստեղծման մեջ: Որքանո՞վ են ստույգ դրանք:
–Գիտեք, նույն լրատվամիջոցը, հավանորեն, նույն պատվիրատուի կամքով, ընդամենը մի 2-3 ամիս առաջ նույն համառությամբ լուր էր տարածում, թե ես ու Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահի համար ենք կուսակցություն ստեղծում: Գիտեք, ես արդեն սովորել եմ, որ իմ անձի շուրջ սուտ տեղեկություններին պետք է վերաբերվել «խելագարության կանխավարկածով»:
Հիմա, ժանրի կանոնների համաձայն, մեկ այլ` քույր լրատվամիջոց, դրա շուրջ կգրի վերլուծական, հետո տարբեր գործիչներ փողոցում և միջանցքներում խորիմաստ հայացքներով պարբերաբար կմոտենան ու կխնդրեն, որ իրենց էլ ճիշտ պահին չմոռանանք և այլն:
Հետագա ստերից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ ես իմ տեսակետները հրապարակային եմ ներկայացնում և սովորաբար հիմնավորում եմ: Լինի դա հոդվածների, հարցազրույցների, հայտարարութունների, ԱԺ ամբիոնից ելույթների տեսքով: Այդպես եղել է թե՛ մինչև փետրվար, թե՛ դրանից հետո: Եվ այդպես լինելու է միշտ: Եթե, իհարկե, ես ցանկանամ լինել քաղաքական դաշտում: Ինչը չկա, ուրեմն չկա: Ես կուլիսային հանդիպումների արդյունքում չեմ փոխել իմ տեսակետները կարևորագույն ու սկզբունքային հարցերի շուրջ: Եվ դա գիտեն թե՛ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե՛ ոչ իշխանական շրջանակները: Թե ինչ ծրագրեր ես կունենամ ապագայում, իսկապես այս պահին չգիտեմ: Կա մտածելու և սառը որոշումներ կայացնելու անհրաժեշտություն: Չի բացառվում, որ հայաստանյան իրավիճակը, կյանքը ստիպեն չմնալ դիտորդի դերում: Բայց փաստն այն է, որ Արա Աբրահամյանի հետ ես կյանքում չեմ հանդիպել, ունեմ շատ քիչ տեղեկություններ նրա ծրագրերի մասին և որևէ կերպ ներգրավված չեմ նրա այսօրվա գործունեության մեջ:
–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրա հնարավոր գործունեությանը հայաստանյան կյանքում:
–Եթե նա իսկապես լուրջ ծրագրերով ու լուրջ թիմով ներգրավվի, ապա` դրական: Հայաստանյան կյանքն այսօր (հատկապես փետրվարից հետո) կարիք ունի նոր մարդկանց, նոր թիմերի, նոր ծրագրերի: Հայաստանյան քաղաքական-հասարակական կյանքը և քաղաքական–հասարակական միտքն այսօր վտանգավոր լճացման փուլում են, և ցանկացած՝ ոչ ռադիկալ հայացքների, համագործակցության պատրաստ և լայն մտածող անձանց և ուժերի մուտքը միայն ողջունելի է: Կարծում եմ, որ հաջորդ տարի նման մի քանի նոր ուժի մուտքը կանխատեսելի է:
Աղբյուրը՝ «Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը