Քաղաքական

23.11.2009 19:38


Սամվել Ֆարմանյան. «Քննարկումների առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»

Սամվել Ֆարմանյան. «Քննարկումների առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆրամանյանն «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբնումներ է տվել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների և ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների առնչությամբ.

-Ադրբեջանի նախագահը մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ հանդես եկավ հերթական ռազմատենչ հայտարարությամբ, ըստ էության, սպառնալով պատերազմով: Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված լարվածությունն իսկապես աճի:

-Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են ներքին լսարանի համար, միևնույն ժամանակ, դրանք հազիվ թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին:

Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողությունը կլինի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի, և՛ ողջ տարածաշրջանի համար: Բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Աշխարհում կան ընդունված ձևեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սրանից բխող հետևանքներով: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Տարբերակներ կան, և ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին կամ միաժամանակ: Եվ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միայն ու միայն մի պատճառով՝ որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար: Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, և ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը՝ ճանաչելու ԼՂ անկախությունը: Սակայն, այսօր իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել խնդրի խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը:

-Մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, թե իբր մյունխենյան հանդիպման ժամանակ խոսվել է, որ հայերը մինչև տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին՝ մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

-Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, «խիստ իրազեկ» աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին: Դա պարզ ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետևաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են:

Այս խորագրի վերջին նյութերը