Մեկնաբանություն

04.12.2015 19:20


Կո՞ղմ եք արդյոք, որ Սերժ Սարգսյանը ...

Կո՞ղմ եք արդյոք, որ Սերժ Սարգսյանը ...

Դեկտեմբերի 6–ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Սերժ Սարգսյանն ինքնաասուլիսով վերջնականապես հաստատեց շուտվանից հնչող այն տեսակետը, որ մայր օրենքը փոխում են մեկ մարդու՝ ՀՀԿ ղեկավարի անձնական շահերը սպասարկելու համար։ Ոչ մի ուրիշ պատճառ չկա, և ինքնաասուլիսն էլ դա հաստատեց։

Մինչև դեկտեմբերի 3–ը ՀՀԿ–ականներն ու նրանց կցված դաշնակախառն զանգվածը փրփուրները բերաններին դեմագոգիայով էին զբաղված, թե բա՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ իշխանափոխություն լինի։ Պարզ է, որ դա էժանագին տեխնոլոգիա էր՝ «Քանի ոչխարի էլ համոզենք, էլի քյար ա» տարբերակով։

ՀՀԿ ղեկավարը, սակայն, անկեղծ գտնվեց։ Նա ասաց, որ իշխանական բուրգի գագաթին ցմահ մնալու ցանկություն ունի՝ հրաժարվելով նախկինում տված իր խոստումից, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին։

Սերժն անկեղծ էր, բայց՝ մասամբ։ Նա ասում էր, թե սահմանադրական հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում ինքը կարող է մնալ իշխանության մեջ առնվազն վարչապետի կարգավիճակով։ Դա, անշո՛ւշտ, այդպես չէ։ Նա, իհարկե, ունի վարչապետ դառնալու ցանկություն, բայց դա հանրաքվեի տապալման դեպքում շա՜տ տեսական ցանկություն է դառնում։

Նրա խոսքն ուղղված էր պետական ապարատին։ Սերժն ուզում էր ցույց տալ, որ մնալու մտադրություն ունի, և պետք չէ մտածել, որ իշխանությունը հանձնում է Հովիկ Աբրահամյանին, ինչպես որ վերջինս է ամենուրեք տարածում և նման հույս փայփայում (ՀՀԿ ղեկավարի խոսքերից պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանին ինքը վերապահում է քավության նոխազի ու երկրում առկա սոցիալ–տնտեսական խնդիրների թիվ մեկ պատասխանատուի դերը)։

Եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ապա 2017–ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի համար անհրաժեշտ տոկոս «խփելուց» հետո Սերժն, իրոք, կարող է վարչապետ դառնալ ու ցմահ մնալ՝ այդտեղից բխող բացասական հետևանքներով։ Այդ սցենարի դեպքում Հայաստանից արտագաղթն արդեն այնպիսի չափերի կհասնի, տնտեսությունն այնքան կփոքրանա, որ մեր պետության գոյությունն այս տարածաշրջանում պարզապես կասկածի տակ կդրվի։

Տարբերակ կա, իհարկե, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը մնա իր իսկ կիրառած «պրյոմի» տակ ու չկարողանա վերարտադրվել՝ ընկնելով Սահակաշվիլիի օրը, ով նույնպես նախաձեռնել էր պետական կառավարման մոդելի փոփոխություն, որպեսզի վարչապետի կարգավիճակով մնա, սակայն խիարը թարս բուսնեց։ Բայց տվյալ դեպքում հարցը քննարկվում է Սերժի ուզած սցենարի շրջանակներում։

Ասելս այն է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում Ս. Սարգսյանը տեսականորեն կարող է կյանքի կոչել իր մտադրությունները և դառնալ վարչապետ։

Իսկ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա դա կլինի ՀՀԿ ղեկավարին իշխանությունից հեռացնելու գործընթացի սկիզբը։ Ինչքան էլ ինքն ու իր թիմակիցները պնդեն, թե գործող Սահմանադրությամբ էլ կարող են վերարտադրվել, դա այդպես չէ։

Գործող Սահմանադրությամբ Սերժը չի կարող երրորդ ժամկետի համար առաջադրվել նախագահի թեկնածու, քանզի երկու անգամ անընդմեջ արդեն եղել է։ Դա նշանակում է, որ իշխանությունը պետք է այլ մարդ առաջարկի նախագահի թեկնածու։

Ինչքան էլ Սերժը փորձի ցույց տալ, թե իրենք նախագահի առնվազն երեք թեկնածու ունեն, իրականությունն այն է, որ նա ոչ մի թեկնածու էլ չունի և չի կարող ունենալ։ Սերժը, բացի իրենից, ուրիշ մարդու չի տեսնում պետության կառավարման ղեկին։ Նա գիտի, որ ցանկացած մարդ, ով գործող Սահմանադրությամբ կհայտնվի Բաղրամյան 26–ում, առաջինը հենց Սերժ Սարգսյանի հարցերն է լուծելու (լավով թե վատով՝ այլ խոսակցության թեմա է) և նոր իշխանություն է ձևավորելու այնպես, ինչպես Սարգսյանն ինքը վարվեց Ռոբերտ Քոչարյանից հետո:

Սերժն այս ամենը լավ գիտի, հետևաբար բլեֆ է իր, Դավիթ Հարությունյանի ու մյուսների այն ձևակերպումը, թե գործող Սահմանադրությամբ Սերժը կարող է վարչապետ դառնալ։ Չկա՛ նման բան։ Չի՛ կարող դառնալ։ Գործող Սահմանադրությամբ նա «կաղ բադիկ» է դառնում, և եթե տեսականորեն ընդունենք այն տարբերակը, որ իշխանությունը կարողանում է 2018–ին անցկացնել Սերժի ուզած թեկնածուին, ապա նոր նախագահը, միևնույն է, նույն Սերժին հեռացնելու է պետական կառավարման համակարգից։

Մեզանում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի կարող աշխատել Մեդվեդև–Պուտին տարբերակը, և դա շատ լավ գիտի Սերժ Սարգսյանը։ Գիտի, բայց շանտաժային տարրեր պարունակող բլեֆի է դիմում՝ այն հույսով, որ ոմանք կարող են «կուտն ուտել»։

Եվ ուրեմն, եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա իշխանական բուրգը լրջագույն ցնցումների մեջ կընկնի, իսկ Սերժ Սարգսյանը կհայտնվի ցայտնոտի մեջ։ Միայն ժառանգորդի փնտրտուքը կարող է փլուզել ՀՀԿ–ն անգամ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ներիշխանական հակասությունները վերջին յոթ տարիներին վարվող քաղաքականության արդյունքում այնքան են սրվել, որ ապագա իշխանության համար մղվող պայքարում բախումներն ավելի դաժան դրսևորումներ կարող են ունենալ, քան իշխանություն–ընդդիմություն դասական հակադրությունն է ենթադրում։

Այնպես որ, «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ ՀՀ քաղաքացին «ոչ» է ասելու Սերժ Սարգսյանին ու իր վարած քաղաքականությանը։

Քվեաթերթիկում, ըստ էության, հետևյալ հարցն է գրված լինելու. «Կո՞ղմ եք արդյոք,

որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ստանա ցմահ մնալ պետական կառավարման ղեկին,

որ ՀՀ–ի թուլացումը շարունակվի ու դառնա անշրջելի,

որ արտագաղթը շարունակվի,

որ թալանը շարունակվի,

որ Սերժի շրջապատը թթվի քարի պես մնա Հայաստանի վրա,

որ ՀՀ քաղաքացին շարունակի ամաչել իր ղեկավարության համար,

որ Հայաստանը միջազգային հարաբերություններում կատարի ֆուտբոլի գնդակի դեր,

որ Ղարաբաղն ու Հայաստանը վտանգի տակ հայտնվեն,

որ ...»։

Հարցի պատասխանը միանշանակ է՝ «Ո՛չ»։

Կարեն Հակոբջանյան

Լուսանկարը՝ Սենիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը