Լրահոս

06.12.2015 23:40


Հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝ ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։

Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը