Լրահոս

09.12.2015 14:39


ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ: Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի: Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը: Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում: Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ: Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը:

Այս խորագրի վերջին նյութերը