Լրահոս

15.12.2015 14:40


ԿԽՄԿ-ն ներկայացրել է անհայտ կորած անձանց ցուցակը

ԿԽՄԿ-ն ներկայացրել է անհայտ կորած անձանց ցուցակը

Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ:

Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։

Այս ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանում և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝ առաքելության կողմից։ Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորն անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։

ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր, և հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է։

ԿԽՄԿ

Այս խորագրի վերջին նյութերը