Լրահոս

04.10.2010 15:29


Արևիկ Պետրոսյան. «…ընտրվելով պատգամավոր՝ ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից»

Արևիկ Պետրոսյան. «…ընտրվելով պատգամավոր՝ ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից»

Ազգային ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ, պաշտոնից հրաժարական ներկայացրած Արևիկ Պետրոսյանն այսօր որպես փոխնախագահ վերջին անգամ ԱԺ ամբիոն բարձրանալով' հանդես է եկել ելույթով, ուր մասնավորապես  նշել է.

-Շուրջ երեք տարի ի նպաստ Ազգային ժողովի բնականոն գործունեության մենք աշխատել ենք փոխադարձ հարգանքով, ինչի համար ցանկանում եմ բոլորիդ հայտնել խորին շնորհակալություն։ Առավել քան 16 տարի ես մասնակցել եմ պետական շինարարությանը, կառավարման նոր համակարգերի մշակմանը և ներդրմանը։ Ազգային ժողովի ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար. ընտրվելով պատգամավոր՝ ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից, որը պետք է պաշտոնավարեի մինչև 2013թ.։ Ընտրարշավին ունեցել եմ ակտիվ մասնակցություն՝ ներկայացնելով առաջարկներ, տեսակետներ այն ոլորտների վերաբերյալ, որոնց տիրապետել եմ նաև գործնականում։ Զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը՝ իմ լիազորությունների, ինձ տրված  հնարավորությունների շրջանակներում բարեխղճորեն կատարել եմ կանոնակարգային պարտականություններս։

Հեղինակել և համահեղինակ եմ հանդիսացել 2 տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնությունների, ներկայացրել եմ բազմաթիվ գրավոր և բանավոր առաջարկներ Ազգային ժողովում քննարկվող օրենքների նախագծերի վերաբերյալ։ Դրանք բոլորն էլ ընդունվել են և այսօր գործող օրենքներ են։

Ա. Պետրոսյանն ավելացրել է նաև, թե այդ ամենը կատարել և հետայսու որպես Ազգային ժողովի պատգամավոր նույնպես կատարելու է իր սկզբունքներին համապատասխան, բարձր պատասխանատվությամբ և ի շահ, ի նպաստ պետության ու հանրության։

Այս ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարած համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արևիկ Պետրոսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը