Քաղաքական

28.12.2015 09:03


Ն. Բորդյուժա. «Մեծ տագնապով ենք հետևում ԼՂ հակամարտության շփման գծում արձանագրվող դեպքերին»

Ն. Բորդյուժա. «Մեծ տագնապով ենք հետևում ԼՂ հակամարտության շփման գծում արձանագրվող դեպքերին»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «России 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Նա, մասնավորապես, նշել է, որ մեծ տագնապով են հետևում այսօր Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

«Հատկապես ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, շփման գծում արձանագրվող դեպքերին, այն բանին, որ այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր, կան մարդկային զոհեր: Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտրվի իրավիճակի ապակայունացումը, որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման: Այսօր դա շատ սարսափեցնող հեռանկար է, քանի որ «կպայթի» ամբողջ Կովկասը։ Եվ, իհարկե, այս կտրվածքով, առաջին հերթին քաղաքական մեթոդներով, այդ թվում՝ օգտագործելով մեր պետությունների ղեկավարների հեղինակությունը՝ մենք չպետք է թույլ տանք, որ այն, ինչ այսօր այնտեղ կատարվում է, թեժանա։ Ընդհակառակը՝ պետք է հանդարտեցնել իրավիճակը, դադարեցնել հրաձգությունը»,–ասել է Բորդյուժան։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և ոչ մի դեպքում՝ ծանր զինտեխնիկայի կիրառմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը